Բավ է պառակտվել
04-09-2019 14:57

Բարձրագույն դատական խորհրդի անդամներն անպայման կանցնեն վեթինգի ընթացակարգի միջով․ Վարդազարյան

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներն անպայման կանցնեն վեթինգի ընթացակարգի միջով, չորեքշաբթի մամլո ասուլիսում ասել է խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

“Կարծում եմ, որ այս ընթացակարգը պետք է սկսվի ինձնից՝ որպես ԲԴԽ նախագահ, ապա նոր անցնեն խորհրդի անդամները, հետո՝ դատավորները։ Դժվարանում եմ ասել, երբ կսկսվի այդ ընթացակարգը, քանի որ նորմերը դեռևս քննարկման փուլում են, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում”,- ասել է նա։

Մեկնաբանելով վերջերս տարածված լուրերը, թե ԲԴԽ-ն կատարում է իշխանությունների կամքն ու ցանկությունները, Վարդազարյանը պատասխանել է, որ չի հասկանում “հարմար է իշխանություններին” և նմանատիպ այլ ձևակերպումներ:

“Հաշվի առնելով, որ հինգ դատավոր ընտրվում է ընդհանուր խորհրդի կողմից (ևս հինգը նշանակվում է ԱԺ կողմից՝ խմբ), իմ կարծիքով իրավիճակը հավասարակշռված է։ Այսօր, պատասխանելով այն բանին, որ ԲԴԽ-ն հարմար է իշխանություններին միանշանակ ասում եմ՝ ո՛չ”,-ասել է նա։

Վերջին ամիսներին հայ դատավորներին վեթինգի (բարեհուսության ստուգում) ենթարկելը դարձել է քննարկվող թեմաներից մեկ, դրա մասին առաջինը խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա համարում է, որ դատավորները չեն վայելում քաղաքացիների վստահությունը և ամբողջ դատաիրավական համակարգը կարիք ունի “վիրաբուժական միջամտության”։

ԵԽ Վենետիկի հանձնաժողովը հուլիսի 15-ին դեմ է հանդես եկել Հայաստանում այդ ինստիտուտի ներդրմանը, նշելով կարգապահական ընթացակարգի ամրապնդման և եկամուտների հայտարարագրման համակարգի հետ կապ հաստատելու անհրաժեշտությունը։ Այդ գործընթացը կյանքի կոչելու համար եվրոպական իրավական մարմինը խորհուրդ է տվել արդարադատության նախարաությանը լրացումներ կատարել Հայաստանի դատական օրենսգրքում։