Բավ է պառակտվել
27-08-2020 16:03

«Արտակարգ դրությունը չի երկարաձգվի․ կգործեն այլ սահմանափակումներ».

 

Հայաստանում պետք է պահպանել կորոնավիրուսի նահանջի տեմպերը։ Կառավարության նիսում նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն գործնականում 6 օր շարունակ ունեինք 200-ից նվազ դեպք. երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203. իհարկե, նաև թեստերի ավելի մեծ թիվ ենք ունեցել: Սակայն կորոնավիրուսի տարածման միտումը անշեղորեն անկում է ապրում»,–նշեց վարչապետը։

Փաշինյանը կարևորեց հակահամաճարակային կանոնների պահպանումը, շեշտելով, որ ամեն բան դրանից է կախված։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի հետևի իր վարքագծին և օգնի հաղթահարել համավարակը։

Իսկ  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ  քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարության հետ մշակած նախագծերի փաթեթ, որում առաջարկվում է չերկարաձգել արտակարգ դրությունը:

«Ինչպես բազմիցս քննարկել ենք, հնարավոր է իրավիճակ, երբ վարակի աճի տեմպերի նվազեցումը հնարավորություն տա իրավաչափ նպատակին, այն է՝ համաճարակի դեմ պայքարելուն և քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն հասնել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի: Հենց այս նկատառումներով էլ մշակել ենք այս նախագծերի փաթեթը: Օրենքների փաթեթը համապատասխան ժամկետում ընդունվելու դեպքում հնարավոր կլինի ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չերկարաձգել, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները»,-ասաց նախարարը:

Կառավարության կողմից միաձայն ընդունվեց որոշման նախագիծը:

Հիշեցնենք` մարտի 16–ից  Հայաստանում  արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 203–ով և դարձել 43 270։