Բավ է պառակտվել
21-06-2021 14:04

Ի՞նչ կլինի, եթե Քոչարյանի դաշինքը հրաժարվի մանդատներից․ Հայաստանի ԿԸՀ խոստանում է պարզաբանել իրավիճակը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե «Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հրաժարվի իր մանդատներից:

Քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելուց հետո «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Դաշինքը նշել է, որ չի ընդունելու ընտրությունների արդյունքները, քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, փարատված չեն կասկածները:

«Ընտրությունների վերջնական արդյունքները կներկայացվեն քվեարկությունից հետո յոթերորդ օրը, իսկ մինչ այդ մենք կուսումնասիրենք տվյալները, կճշտենք բոլոր ազդանշանները և, անհրաժեշտության դեպքում, կկատարենք ճշգրտումներ», - երկուշաբթի ԿԸՀ նիստից հետո լրագրողներին ասաց Մուկուչյանը:

Սակայն, նշեց նա, այն տեղամասերում, որտեղից ստացվել են տվյալները, իրականացվել է մոնիթորիգ, քվեաթերթիկների անվավերության հետ կապված լուրջ խնդիրներ չեն առաջացել, բայց բոլոր դեպքերը կքննարկվեն:

Պատասխանելով հարցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե «Հայաստան» դաշինքը հրաժարվի բոլոր մանդատներից, նա նշեց, որ շատ բան պետք է հստակեցնի օրենսդրությունը, որը դեռ պետք է ուսումնասիրվի:

«Այս պահին մենք մանդատներից հրաժարվելու ինստիտուտ չունենք: Կարող է լինել իրավիճակ, երբ թեկնածուները հրաժարվեն մանդատից, այդ դեպքում այն փոխանցվում է ցուցակի հաջորդ թեկնածուին: Բայց քանի որ, ըստ օրենքի, խորհրդարանում պետք է լինի ընդդիմություն՝ մենք անպայման հանդես կգանք մանդատների բաշխման պարզաբանումներով և կներկայացնենք բոլոր նրբությունները», - ասաց Մուկուչյանը:

Նա նշեց, որ մանդատները բաշխվում են բացառապես այն ուժերի միջև, որոնք պետք է ստանան դրանք Ընտրական օրենսգրքի համաձայն, մանդատները չեն կարող փոխանցվել այլ ուժերի:

«Եթե բոլորը հանձնեն, ուրեմն խորհրդարանում կմնան անցած ուժերը, բայց մենք նման տարբերակներ չենք քննարկել։ Այս պահին ես դժվարանում եմ ասել ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ կլինեն նոր ընտրություններ, և, ըստ էության, դա ԿԸՀ իրավասության հարց չէ։ Մեր խնդիրն է անցկացնել ընտրություններ, ամփոփել արդյունքները և բաշխել մանդատները, մեր լիազորություններն այսքանով սահմանափակվում են», - ասաց Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում ձայների հաշվարկից առաջ տարբեր քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներին, ապա, ըստ նրա, ամեն դեպքում, այդ տեղամասերում փորձել են հնարավորինս շուտ վերականգնել էլեկտրամատակարարումը:

«Տեխնիկայի աշխատանքի հետ կապված խնդիրներ չեն եղել, քանի որ քվեարկության ժամանակ կային անհրաժեշտ մարտկոցներ: Հիմնական խնդիրը տեսախցիկների հետ կապված է եղել, բայց դրանք միացվել են էլեկտրամատակարարումը վերականգնելուց անմիջապես հետո», - ասաց Մուկուչյանը: