Բավ է պառակտվել
15-09-2020 14:18

«Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է». Ինչ է քննելու ԱԺ–ում ստեղծվող հանձնաժողովը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկով ստեղծված  Կորոնովիրուսի  դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը քննելու է նաև կորոնավիրուսին վերաբերող ընդդիմադիր գործիչների հայտարարությունները, եթե դրա կարիքը լինի։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրելու է կորոնավիրուսի տարածումը կանխելու և այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքները մեղմելու, վերացնելու ուղղությամբ ՀՀ Կառավարության  և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը։
Ուսումնասիրվելու է նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:
Մարուքյանը հիշեցրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի այն ասուլիսը, երբ նա նոր էր վերադարձել ճամփորդությունից ու կատակներ էր անում, որ հիմա բոլորիդ կվարակեմ։
«Ասում էր`այ դուք, լրագրո՛ղ, որ դիմակ եք դրել, դա ձեզ փրկելո՞ւ է։ Ես հիշում եմ`«կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» արտահայտությունը, և դրանք բոլորն իշխանության ներկայացուցիչներն են արել ու անլրջացրել են պայքարը»,– հակադարձեց Մարուքյանը։
Պատգամավորը շեշտեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարն ի սկզբանե է անլրջացվել ու նորաստեղծ հանձնաժողովն այլև ի զորու չէ ազդելու այդ փաստի վրա, բայց կարող է ազդել այն ամենի վրա, ինչ այս պահին է անլրջացվում։
«Խորհրդարանն ունի լծակներ ու ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություն` իրականացնելու այդ մոնիթորինգը,– ասաց նա,– Ինձ համար այս հանձնաժողովի ստեղծումը լակմուսի թուղթ է։ Սրանով մենք հասկանալու ենք, թե որքանով է Հայաստանը ժողովրդավարական երկիր։ Եթե այս որոշումը տապալվում է, ինձ համար Հայաստանը դադարում է լինել ժողովրդավարական երկիր»։

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը Մարուքյանին հարցրեց, թե արդյոք հանձնաժողովը կքննարկի՞ ընդդիմության հայտարարություններն ու գործողությունները, որոնք եղել են հակասական ու ապակողմնորոշող: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ սկզբում ասվել է, որ պետք է փակել Իրանի և Իտալիայի սահմանը, հետո հայտարարվել, թե կարանտինի անվանումը կխանգարի, որ սահմանները բացվեն: «Արդյոք գնահատելո՞ւ եք ընդդիմության վնասակար ազդեցությունը համավարակի  հաղթահարման գործում»,- հարցրեց Նազարյանը:
«Երբ ասվել է՝ Իտալիայի սահմանը փակեք, Իտալիայի չվերթերը փակեք, դա այն պահին պետք է արվեր, երբ Հայաստան էին գալիս վարակակիրներ, իսկ Հայաստանում դեռ չկային վարակակիրներ, երբ մարտ ամսից հետո՝ արդեն հիմա՝ սեպտեմբերին, ասվում է՝ պետք է քայլեր ձեռնարկել, որ սահմանները բացվեն, արդեն այլ իրավիճակ է, և, հետևաբար, պետք է սահմանները բացվեն»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ հանձնաժողովում «Իմ քայլն» ունենալու է 7  անդամ, և որ նախագծին առնչվող ցանկացած  հարց կքննարկվի:

Նշենք, որ Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովն արդեն ստեղծված է` օրենքի ուժով, այն պահից, երբ ընդդիմադիր խմբակցությսւնը հանդես է եկել այդ առաջարկով։ Այժմ խորհրդարանը քննարկում է հանձնաժողովի հնարավոր կազմը։ Միայն կազմի հաստատումից հետո հանձնաժողովը կսկսի իրապես գործել։ Նշենք, որ Մարուքյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է, որ հանձնաժողովը բաղկացած լինի 7 անդամներից, որոնցից 12-ը` «Իմ քայլից», 3-ը` «Բարգավաճ Հայաստանից», 2-ը` «Լուսավոր Հայաստանից»։

 

 

Արմինե Գևորգյան