Բավ է պառակտվել
19-02-2020 15:44

Ի՞նչ են քննարկել ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ

«Պարոն Արարատ Միրզոյանն իմ լավագույն ուսանողներից մեկն է, ես հազարավոր ուսանողներ ունեմ պետական ապարատում: Արարատ Միրզոյանի հետ էլ եմ հանդիպել, շատ այլ մարդկանց հետ էլ եմ հանդիպել, դա նորմալ երևույթ է»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու հարցը, Թոխյանն ասաց.«Ոչ»:
Հարցին, թե արդյոք տեղյակ է, որ ՍԴ այլ դատավորներ ևս հանդիպել են ԱԺ նախագահի հետ, Թոխյանն տարակուսեց․«Դուք տեղյա՞կ եք՝ ՍԴ դատավորները ո՞ւմ հետ, որտե՞ղ, ո՞նց են հանդիպում: Ես տեղյակ եմ՝ իմ կինն ում հետ, ոնց ա հանդիպում»:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորները վաղ կենսաթոշակի օրենքից օգտվելու հնարավորություն ունեն մինչև փետրվարի 27-ը:
Ի պատասխան հարցի, թե ժողովուրդը գնալու է տեղամասեր 7 դատավորի «այո» կամ «ոչ» ասելու, սա լարվածություն չի՞ առաջացնում ՍԴ-ում, նա պատասխանեց. «Ոչ: Լարվածության մասին չեմ կարող ասել, կարող եմ ասել, որ ՍԴ-ում ո՛չ Վահե Գրիգորյանի՝ հունիսից գալու ժամանակ, ո՛չ հիմա, ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա»:
Հարցին թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գալիս, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանն խորհուրդ տվեց դիմել Վահե Գրիգորյանին։ Նա նշեց, որ մի քանի անգամ հանդիպել է Վահե Գրիգորյանին և որպես ավագ դատավոր խորհուրդներ տվել:
«Երբ եկել եմ ՍԴ, միակն եմ եղել, ով պապի չէր, այսօր միակն եմ դատարանում, ով պապի է: Ավագի իրավունքով իմ հորդորներն ուղղակի ասել եմ», - ասաց Թոխյանը: Թե ինչ խորհուրդներն է տվել Գրիգորյանին, Թոխյանը չմանրամասնեց:
Թոխյանը նշեց նաև, որ քաղաքական հայտարարություններին որևէ մեկնաբանություն չի տալու։ «Վերջին 6 ամսում մեր մասին ինչ ասես գրում են, օրենքն էլ մեզ արգելում է պատասխան տալ։ Մենք էլ ընտանիք ունենք, հարազատներ ունենք։ Մեզ էլ հասկացեք։ Հեռուստացույցը միացնում ես՝ մեզ հայհոյում են, անջատում ես՝ հայհոյում են․ շատ բարդ է»,- ասաց Թոխյանը։
«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ՍԴ անդամը ո՛չ ընտրությունների կազմակերպողն է, ո՛չ վերահսկողն է, ուստի՝ կեղծելու հնարավորություն օբյեկտիվորեն իսպառ չունի։ Թե ինչի են մեզ ուզում քավության նոխազ դարձնել, իրենցից հարցրեք: ՍԴ այն բոլոր որոշումները, որ ստորագրել եմ վերջին 20 տարվա ընթացքում, այսօր էլ կստորագրեմ»,- ասաց նա:

Ֆելիքս Թոխյանն ընդգծեց, որ եթե որևէ մեկը մտքով կարող է անցկացնել, թե իրեն կարող են ճնշել, ուրեմն չեն ճանաչում իրեն: «Ես ցանկացածի հետ կշփվեմ, կգնամ կուտեմ, կխմեմ, կուրախանամ, դաս կտամ, բայց ճնշման բերաբերյալ երբևէ 23 տարվա ընթացքում ոչ ոք չի էլ փորձել»,- ասաց նա:

 

 

Արմինե Գևորգյան