Բավ է պառակտվել
10-02-2019 00:13

Հայաստանի պաշտպանության նախարաըը և ՌԴ ՀՌՕ զորքերի հրամանատարը քննարկել են համատեղ զորավարժությունները

Հայկական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շաբաթ հանդիպել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ։

Հարավային ուղղությամբ զորքերի մարտական ղեկավարման կետում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական զինվորական բազային, մարտական ծառայության նախապատրաստմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները կարևորել են 2019 թվականին անցկացվելիք համատեղ զորավարժությունների բարձր մակարդակով պլանավորումն ու անցկացումը, այդ թվում՝, 102-րդ ռուսական ռազմակայանի և Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմի վարժանքների և համատեղ մարտավարական զորավարժությունների անցկացումը:
Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժությունները մարտական պատրաստվածության պլանային ամենամյա միջոցառումներ են:
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Դվոննիկովի և Տոնոյանի հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի պլանի համաձայն 2020 թվականին Հայաստանում համատեղ զորավարժությունների անցկացմանն առնչվող հարցեր:
Հաշվի առնելով, որ Սիրիայի Արաբական հանրապետությունում գործում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերը` Տոնոյանը և Դվորնիկովը քննարկել են Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի գործունեության հարցերը։
Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով վերջերս Հալեպ է մեկնել հումանիտար ականազերծման փորձագետներից, բժշկական անձնակազմից և անվտանգության ապահովման պատասխանատուներից բաղկացած 83 հոգանոց հայ մասնագետների խումբը։