Բավ է պառակտվել
17-02-2020 21:32

«Այո»–ն առանց «Ոչ»- ի․մեկնարկեց հանրաքվեի քարոզարշավը։

Այսօր պաշտոնապես մեկնարկեց սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը: Սակայն այսօրվա դրությամբ ձեւավորված է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովում որպես կողմ գրանցված է միայն «այո»-ն՝ ի դեմս «Իմ քայլ»-ի: Ազգային ժողովի պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը լրանում է այսօր: Սակայն ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»–ը եւ ԲՀԿ–ն որեւէ շտաբ չեն ձեւավորելու եւ ձեռնպահ են մնալու քարոզարշավին մասնակցելուց:
ԿԸՀ–ում գրանցված շտաբում ընդգրկվել է 88 պատգամավորներից 44-ը։ «Այո»–ի կողմնակիցները, սակայն, այսօր՝ քարոզարշավի առաջին օրը ոչ մի քարոզչություն չարեցին։ Օրվա վերջում հավաքվեցին «Քաղաքացիական պայմանագիր» գրասենյակում՝ քարոզչության ծրագիրն ու վաղվա անելիքները հստակեցնելու համար: Այս քննարկումներին մասնակցելու համար կուսակցության գրասենյակ եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողներին չհստակեցրեց՝ արդյո՞ք անձամբ մասնակցելու է «Այո»–ի քարոզարշավին։
Փոխարենը վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբի գրառումը, որտեղ «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ է հայտարարել և կոչ է արել մասնակցել մրցույթին։ ««Այո»-ի բրենդինգի բաց մրցույթ: Մասնակցեք եւ հաղթեք»,-նշել էր վարչապետը:
«Ոչ»–ի շտաբը ավելի շատ ունենալու է այսպես ասած իրավաբանական «դեմք»։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի փետրվարի 17-ը ներառյալ հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել։
Իսկ նման դեպքերում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրացվելու նպատակով: Քաղաքացիների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել 2020 թվականի փետրվարի 18-ից:
Նշենք,որ արտախորհրդարանական ուժերը աստիճանաբար սկսեցին իրենց դիրքորոշումները փոխանցել տարբեր հայտարարությունների տեսքով։ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց, որ ապրիլի 5-ի ահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի։
«Մեր երկիրը օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների փորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների: Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ»,–ասված էր հայտարարությունում։
Իսկ ահա ՀԺԿ–ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը։
«ՀԺԿ-ն նպատակահարմար է համարում Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը հանրաքվեի միջոցով և կողմ է ԱԺ-ի կողմից ներկայացված սահմանադրաական փոփոխության առաջարկին: Միևնույն ժամանակ՝ նկատի ունենալով, որ սահմանադրական հանրաքվեները մեր երկրում մշտապես կեղծվել են, ՀԺԿ-ն անհրաժեշտ է համարում նոր Սահմանադրության ընդունումը:
Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը տևելու է մինչեւ ապրիլի 3–ը։

 

 

Արմինե Գևորգյան