Դանիան և Շվեդիան չորեքշաբթի միացել են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին (ՀՀՊ), որի ստեղծման շուրջ համաձայնություն են ձեռք բերել ՆԱՏՕ-ի երկրները, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով դաշինքի մամուլի ծառայությանը։
Անցյալ տարվա հոկտեմբերին ՆԱՏՕ-ի 14 երկրներ և Ֆինլանդիան ստորագրել են այսպես կոչված Եվրոպական հակահրթիռային վահանի ստեղծման մասին հռչակագիրը։ Գերմանիան այս նախաձեռնության համակարգողն էր։ Վահանը պետք է օգներ լրացնել առկա բացերը ներկայիս եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգում:
Ինչպես նշել են արևմտյան լրատվամիջոցները, ներկայումս որոշակի խնդիրներ կան բալիստիկ հրթիռներից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերից և թեւավոր հրթիռներից պաշտպանվելու հետ կապված։
Նոր նախաձեռնությունը, ի թիվս այլ բաների, կոչված է ամրապնդելու ՆԱՏՕ-ի ներկայիս հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ հեշտացնելով եվրոպական երկրների կողմից բազմազգ գնումները և ինտեգրելով հակաօդային սպառազինությունների լայն տեսականի, նշում է դաշինքի մամուլի ծառայությունը։
Ներկայումս «Եվրոպական վահանը» միավորում է ՆԱՏՕ-ի 15 պետություններ՝ Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Դանիա, Լատվիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Չեխիա և Էստոնիա, ինչպես նաև Ֆինլանդիա, որը դաշինքին միանալու ընթացքում է։