Բավ է պառակտվել
23-05-2019 22:46

Դաշնակները “դեղին քարտ” ցույց տվեցին Հայաստանի իշխանություններին (տեսանյութ, լուսանկարներ)

Հինգշաբթի Երևանում կայացել է ՀՅԴաշնակցության հանրահավաքը, որի ընթացքում կուսակցությունն իր անհանգստությունն է արտահայտել երկրում ստեղծված իրաիճակի կապակցությամբ։

Չիրականացած հույսերի տարին ՀՅԴ ներկայացմամբ

“Մեկ տարի առաջ ժողովրդի պահանջով մեր երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ։ Հայաստանի քաղաքացիները մերժեցին երկրում գոյություն ունեցող աղքատությունը, գործազրկությունը, ցածր աշխատավարձները, անարդարությունը և սոցիալական բևեռացումը։ Այս խնդիրների հանգուցալուծման ակնկալիքով ժողովուրդը նոր իշխանություն ձևավորեց”,- ասաց ՀՅԴաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, ՀՅԴ-ն այդ կառավարության մաս կազմեց, չնայած բոլոր վերապահումներին՝ միացավ այդ կառավարությանը հանուն համազգային շարժման հաղթանակի։

“Դաշնակցությունն իր պատրաստակամությունը հայտնեց իր ամբողջ ներուժը ներդնելու երկրի հետագա զարգացման համար։ Սակայն իշխանությունները չնկատեցին և չգնահատեցին դա։ Կարճ ժամանակ անց բաժանեցին (ժողովրդին՝ խմբ.) սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, խախտելով բոլոր քաղաքական պայմանավորվածությունները՝ նշանակեցին ընտրություններ և ձևավորեցին իշխանություն”,-ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ անցել մեկ տարի, իսկ հայ հասարակության ակնկալիքները չեն արդարացել։

“Իշխանությունները չունեն երկրի զարգացման ծրագիր, չունեն տեսլական, արհեստավարժ թիմ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար։ Ազգային միասնական օրակարգ ձևավորելու, հասարակությանը համախմբելու, հասարակական համերաշխություն հաստատելու, հայ ժողովրդի համահայկական ներուժը և կարողությունները կազմակերպելու և առաջ տանելու փոխարեն իշխանությունները ապրում, աշխատում, շնչում և արտաշնչում են անցյալով”,- ասաց կուսակցության ներկայացուցիչը։

Սաղաթելյանը հայտարարեց, որ իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են բարձր վստահության քվե և լիազորություններ երկրում իրական տնտեսական,և քաղաքական բարեփոխումներ անելու համար, բայց այդ լիազորություններն օգտագործում են այլ նպատակով։

“Զարմանալի է 70 % քվե ստացած իշխանության ինքնավստահության պակասը, որը դրսևորվում է հաճախ իր ֆիզիկակական ուժը տեղի-անտեղի ցուցադրելով, «ասֆալտին փռել», «պատերին ծեփել» արտահայտություններով։ Մենք եկել ենք ասելու հետևյալը` եթե այսպես եք քայլ անելու, ավելի լավ է կանգ առեք, լրջացեք, խելոք նստեք տեղներդ”,-ասել է Սաղաթելյանը։

Դատական բարեփոխումները որպես քաոսի առաջացման սպառնալիք

Սաղաթելյանը քննադատել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարության ձգտումը վիրաբուժական միջամտություն իրականացնել երկրի դատական համակարգում։

Մայիսի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր “Հանուն անկախ դատարանների” ակցիայի մեկնարկի մասին և կոչ արել երկուշաբթի վաղ առավոտից արգելափակել հանրապեության բոլոր դատարանների մուտքերը՝ խոստանալով երեկոյան հանդես գալ հատուկ հայտարարությամբ։ Մայիսի 20-ին ժամը 8։30-ից մինչև 13։30-ը մի խումբ ակտիվիստներ վարչապետի կոչով արգելափակել էին Երևանի և Հայստանի մի շարք մարզերի դատարանների շենքերը։

Նույն օրը Փաշինյանը հայտարարել էր, որ դատարանները չեն վայելում ժողովրդի վստահությունը, և եկել է դատական համակարգում “վիրաբուժական միջամտություն” իրականացնելու ժամանակը։ Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում դատավորները պետք է “վեթթինգի” ենթարկվեն։ Նա նաև հայտարարել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է երկրի համար։

“Հատուկ ուզում եմ ընդգծել՝ մեր երկրի արդարադատության համակարգի արմատական բարեփոխման հարցը մշտապես կարեւորվել է մեր կողմից”,-ասել է Սաղաթելյանը։

Նա նշել է, որ, այնուամենայնիվ, կա դատական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը։

“Այո, բարեփոխումների անհրաժեշտությունը կա, բայց դրանք պետք է իրականացնել հստակ հայեցակարգով, Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, այլ ոչ թե սպառնալիքներով ու ամբոխավարությամբ։ Այդ ճանապարհով երկիրը վերջնականորեն տանելու եք քաոսի”,- հայտարարել է Սաղաթելյանը։

Անշրջելիության կետ կամ վերջին նախազգուշացում

Հանրահավաքում եզրափակիչ ելույթով հանդես եկավ ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն, ով հայտարարեց, որ այս հանրահավաքը նպատակն է ահազանգել գործող իշխանությանը, որ այսպես շարունակել չի կարելի։

”Մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդառնալի են լինում։ Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ երկրի մարտահրավերներին և ժողովրդի սպասումներին, այլև առաջացնում է նոր վտանգներ և կուտակում է նոր խնդիրներ»,- հայտարարեց Ռուստամյանը։

Ըստ նրա, ինքնահավան իշխանությունը չի զգում այդ սպառնալիքը և մտադիր չէ դիմակայել դրան։

”Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք, դուրս եկեք ձեր ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից։ Որ սթափվելու պահն է, ցույց են տալիս այս վարչախմբի իշխանավարման մեկամյա հետևանքներ, որոնք շատ տխուր են”,-ասաց Ռուստամյանը:

Նախկին պատգամավորի խոսքերով, շարժումը սկզբնական թափը չունի, քանի որ շարժման առաջնորդը շարժումը փոխարինում է իրենով և փորձում է ձեռք բերել ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունք։

”Արդյունքում առաջ-առաջ գոռալով՝ հետ-հետ եք գնում անընդհատ, քանզի վերադառնում են մենիշխանությանը, բայց այս անգամ, իբրև, ժողովրդի անունից։ Հասել ենք այնտեղ, որ ժողովրդի անունից պարբերաբար կարելի է սահմանադրական կարգը տապալել, շրջանցել օրենքներն ու կասեցնել ցանկացած պետական մարմնի լիազորություն։ Նրանք չեն նկատում, որ անընդհատ նախկինների հետ համեմատվելով, կամաց-կամաց սկսում են նախկիններին նմանվել: Հասկացեք, որ, ցեխաջրով լվացվելով, չեն մաքրվում, այլ ցեխոտվում են”- ասաց կուսակցության ներկայացուցիչը։

Ասվածի համտեքստում Ռուստամյանը դիմեց Հայաստանի գործող իշխանություններին։

“Լրջացեք և ստանձնեք ազգային իշխանություններին հատուկ՝ ձեր բաժին պարտականությունները, այլապես այս դեղին քարտերը մի օր կարմիր կդառնան”,- ընդգծեց է նա, խոսելով այն խորհրդանշական դեղին քարտերի մասին, որոնք հանրահավաքի մասնակիցները բերել էին իրենց հետ։