Դաշնակցությունը համահայկական զորաշարժի կոչ է անում, երկուշաբթի հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Համահայկական ներուժով հայ ազգը կարող է և պարտավոր է վերականգնել Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը, երկրի անվտանգային համակարգը և ազգ–բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու հայոց բանակի մարտունակությունը։»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ինչպես նշեց Սաղաթելյանը, ՀՅԴ ղեկավարության նախօրեին ընդունված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած ենգոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։ «Արցախի ժողովրդի ինքնորոշման, ՀՀ անկախության ուղղությամբ տարվող Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ապազգային է և կործանարար»,- շեշտեց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու ՀՀ պետականության ապագան։
«Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական, քաղաքական լեգիտիմություն։ Այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։ Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումն օրախնդիր է և ազգային առաքելություն։ Սթափվելու, ընդվզելու, մեր պետությանն ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճառական պահն է»,– նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է նոր ժողովրդական իշխանություն ձևավորել։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու պատրաստակամության մասին՝ Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության երաշխիքներով։
