Բավ է պառակտվել
30-05-2019 22:27

«Խոստովանենք, որ ինքներս էլ գոհ չենք կառավարության աշխատանքի որակից». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն այսօր 17 նախարարով վերջին նիստն է անցկացնում: Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց գործադիրի այն անդամներին, որոնց հետ չեն աշխատելու:
«Համոզված եմ,որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են,ու արդյունքում ճիշտ որոշում է կայացվել։Ու համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է օրակարգին, ապա Նիկոլ Փաշինյանն այսօր մեկ անգամ ևս հայտարարեց, որ հունիսի 1-ից զինվորականների աշխատավարձերը կբարձրանան:
«Ամեն ինչ զինվորական հերթով, կարգով»,- ընդգծեց կառավարության ղեկավարը՝ նշելով, որ արդեն հուլիսին նրանք կստանան իրենց բարձրացված աշխատավարձերը:
Նիստը վարչապետը սկսել է ազգային վիճակագրական կոմիտեի՝ օրերս հրապարակած տվյալներով:
Այսպիսով արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 13, 2 տոկոսով, իսկ շինարարության ոլորտում աճը ավելի քիչ է, քան սպասվում էր։
«Համոզված եմ, որ այս ցուցնաիշները կլավանան, ինչու եմ համոզված, որովհետև հիպոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16,2 տոկոսով։
Նա տեղեկացրել է, որ այս տարվա ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.1 տոկոս: «Տնտեսական լավ տրամադրությունը կա»,-ասել է Նիկոլ Փաշինյանն ու հստակեցրել, որ իրենց խնդիրը այդ տրամադրությունները խթանելն է:
Նա ասաց, որ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա կա։
«Առաջին չորս ամսում տնտեսական իրավիճակի զարգացումը դրական է»,- արձանագրել է կառավարության ղեկավարը:

 

Արմինե Գևորգյան