Բավ է պառակտվել
01-12-2022 23:57

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի․ Միրզոյան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա, Լեհաստանի Լոձ քաղաքում ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին իր ելույթի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս առումով, Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունը կխթանեն այս գործընթացը»,- ընդգծել է նա։

Միրզոյանը նաև հայտնել է Հայաստանի երախտագիտությունն ու վերահաստատել երկրի հետագա աջակցությունը ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին։

«Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով քողարկում է Հայաստանի դեմ ուժի կիրառումը, միջազգային ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել քան երբևէ կարևոր են։ Մենք շարունակում ենք հավատալ, որ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները, ԵԱՀԿ մեխանիզմներն իրենց կուտակած գիտելիքներով և փորձով կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը»,- ընդգծել է նա։

Պրահայում հանդիպման մասին

Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացավ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Միշելի քառակողմ հանդիպումը։

Արդյունքում ընդունվեց հայտարարություն, որում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում մինչև հոկտեմբերի վերջ: