Բավ է պառակտվել
24-11-2014 15:53

Վարդան Այվազյանը Փոստանջյանից պահանջել է գոտկատեղից ներքև չխփել

Այսօր խորհրդարանում Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցով լսումների ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե անհրաժեշտ է մնալ կոռեկտության սահմաններում և գոտկատեղից ներքև չխփել: Վերջինիս համբերության բաժակը լցվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո: ԵՏՄ-ի ներկա եւ ապագա բոլոր կողմնակիցներին Փոստանջյանը դավաճան էր անվանել, այդ թվում՝ այն գործընկերներին, որոնք կողմ են քվեարկելու Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացմանը:
Դրանից հետո չի դիմացել նաեւ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սուքիաս Ավետիսյանը: «Ախր դուք ի՞նչ իրավունք ունեք մարդկանց վիրավորելու: Այստեղ ով ինչ ուզում՝ ասում է»: «Գործընկերներ, խնդրում եմ զերծ մնալ տեղից ելույթ ունենալուց», - հայտարարել է լսումները վարողներից մեկը՝ խորհրդարանի արտաքին կապերով հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Այստեղ արդեն չի դիմացել տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Իսկ ի՞նչ է նա ասում: Թող իրեն չափերի մեջ պահի: Նշանակում է, եթե վաղը ես «կողմ» քվեարկեմ, ես ինչ է, հայրենիքի դավաճա՞ն եմ: Խոսելուց առաջ մտածել է պետք»: