Բավ է պառակտվել
03-02-2022 19:02

Պատգամավոր Զատուլինը պարադոքսալ է անվանել Հայաստանում Ռուսաստանից դժգոհության աճը

Հայաստանում ներքաղաքական պայքարի շրջանակներում դժգոհությունը Ռուսաստանից աճում է, ինչպես սունկն անձրևից հետո։ Այս մասին Nakanune.RU-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ըստ IRI-ի հարցման՝ Հայաստանի բնակիչները Ռուսաստանը համարում են անվտանգության սպառնալիք ներկայացնող երեք երկրներից մեկը։

Ըստ Զատուլինի՝ այդ պնդումների մեծ մասի հեղինակները քաղաքագետներ, բլոգերներ են, որոնք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածն են։

«Այսինքն՝ մոդայիկ է Ռուսաստանին մեղադրել, որ «գցեց» Հայաստանին, չաջակցեց և գրեթե ծրագրեց այն ամենը, ինչ տեղի ունեցավ, որպեսզի «դաս տա Հայաստանին»։ Եվ առաջին անգամ է, որ այդ տրամադրությունները արձագանք են ունենում Հայաստանի բնակչության շրջանում։ Ռուսաստանի հանդեպ համակրանքը, որպես այդպիսին, այնտեղ կտրուկ ընկել է»,- ասել է Զատուլինը։

Նա իրավիճակը պարադոքսալ է անվանել. Ռուսաստանն է, որ փաստացի հնարավորություն է տալիս այսօր Լեռնային Ղարաբաղի հայերին իրենց համեմատաբար ապահով զգալ, քանի որ կա ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, իսկ բուն Հայաստանում աճում են հակառուսական տրամադրությունները։

«Այսինքն՝ միաժամանակ մի քանի ներքին հակամարտություն է տեղի ունենում․ հակամարտություն Հայաստանի հայերի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև, Լեռնային Ղարաբաղի հայերը կարծում են, որ Հայաստանի կառավարությունը և ընդհանրապես Հայաստանը լքել է Լեռնային Ղարաբաղը։ Բուն Հայաստանում, միաժամանակ, վարկած է զարգանում, որ Ռուսաստանը «այն» դաշնակից չէ, և դա Թուրքիայի հետ մերձեցման ցուցադրական քայլերի ֆոնին և այլն։ Այս ամենը լուրջ փորձություն է հայ ժողովրդի համար, քանի որ դա բացարձակապես կոտրում է լավի և վատի մասին պատկերացումները, որոնք շատերի համար գերիշխող են եղել Հայաստանում տասնամյակներ շարունակ»,- ասել է Զատուլինը։