Բավ է պառակտվել
17-11-2021 20:23

Եվրախորհրդարանի պատգամավորներն արձանագրել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստը

Եվրախորհրդարանի կայքում հրապարակվել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող Անդրեյ Կովատչևի և Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցով մշտական ​​զեկուցող Ժելյանա Զովկոյի «Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ» համատեղ հայտարարությունը։

Փաստաթղթում հայտնվում է «լուրջ անհանգստություն երեկվա ծանր մարտերի առնչությամբ, որոնք հաջորդել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության վերջին սրմանը»։

«Ադրբեջանի կողմից ենթադրյալ սադրանքներին ի պատասխան սկսված ռազմական գործողությունը նախորդ տարվա նոյեմբերի 9-ին կնքված զինադադարի համաձայնագրի վատթարագույն խախտումն է, որի հետևանքով կան դեռևս չհաստատված թվով զոհված, վիրավորված և գերեվարված զինվորներ: Մենք իրավիճակի արագ լիցքաթափման կոչ ենք անում և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունն ու տեղեկությունը Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթի համահեղինակները կրկին նշում են, որ ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցային գործընթացի միջոցով, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների:

«Դատապարտում ենք արհեստականորեն սահմաններ կանգնեցնելու ցանկացած փորձ, ինչպիսին դիտարկվել է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո։ Մենք աջակցում և կոչ ենք անում բացել տնտեսական և տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրով, ինչը շատ շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար։ Դա ներառում է կապն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև»,- հայտարարում են Եվրախորհրդարանի պատգամավորները։ Նրանք կարծում են, որ հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի տեքստին և խուսափեն դրա չափազանց ծավալուն մեկնաբանությունից։

«Բացի այդ, մենք անհանգստացած ենք Ադրբեջանի տարածքով անցնող հայկական քաղաքներն ու գյուղերը կապող ճանապարհների երթևեկության դժվարությունների մասին հաղորդագրություններով և կարծում ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնագրի ոգուն և բարդացնում է տեղի բնակիչների կյանքը»,- նշվում է հայտարարությունում:

Փաստաթղթում ափսոսանք է հայտնվում, որ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Եվրախորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևին, հակամարտության պատճառով Ադրբեջանում պահվող շատ հայեր դեռևս ազատ չեն արձակվել։ «Մենք նաև կրկնում ենք մեր կոչը՝ փոխանակել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որպեսզի խաղաղ բնակիչները վերադառնան նախկին հակամարտության շրջաններ»,- ասվում է փաստաթղթում։

Եզրափակելով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատում են ԵՄ հանձնառությունը՝ աջակցել վստահության ամրապնդման միջոցառումներին ևցանկացած խնդիր լուծել բանակցությունների սեղանի շուրջ, մասնավորապես՝ վերսկսելով բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։