Բավ է պառակտվել
25-09-2020 13:44

Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատը վայր դնելու որոշումը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մեկնաբանել է մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը՝ մասնավորապես նշելով, որ այդ որոշումը հեշտ չի տրվել, բայց իր համար չափազանց կարևոր է իր սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինելը: Աբրահամյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովում պատգամավորի լիազորություններս: Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի եւ քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն եւ վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ` պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման եւ մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, եւ այս առումով արդյունավետությունը կարեւորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է։ Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս»,-նշել է Աբրահամյանը:

Պատգամավորը վստահեցրել է, որ երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չի խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցել է, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չի լինի: «Սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատելը կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։ Տարիներ շարունակ լրագրողական եւ հասարակական գործունեությամբ պայքարել եմ մեր երկրում արդարության վերականգնման եւ օրենքի գերակայության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ մարդու հիմնարար իրավունքների ապահովման համար, որոնց ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը, դատական համակարգի առողջացումն ու անցումային արդարադատության գործիքակազմերի ներդրումը սահմանել էի առաջնահերթություն արդեն որպես կառավարող ուժը ներկայացնող պատգամավոր»,- գրել է պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ օրենսդիրում աշխատանքի 20 ամիսների ընթացքում քաղաքական ողջ թիմի եւ խորհրդարանական գործընկերների հետ դժվարին, սակայն չափազանց կարեւոր եւ արդյունավետ ճանապարհ է անցել, որի համար շնորհակալություն է հայտնել բոլորին:

«Անձամբ ես ջանքերս ներդրել ու աշխատել եմ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ունեզրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման, փախստականների եւ բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների, խոսքի եւ մամուլի ազատության մասին օրենքի փոփոխության (օրենքի կարեւորագույն փոփոխությունն ամբողջությամբ պատրաստ է, եւ հույս ունեմ խմբակցության կողմից այն կդրվի շրջանառության մեջ), կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման եւ հազարավոր քաղաքացիների բազմաթիվ հարցերի լուծման ուղղությամբ: Շատերը կփաստեն, որ այս գրեթե երկու տարվա ընթացքում հասանելի եմ եղել 24-ժամյա ռեժիմով»,- նշել է նա:

Նա շեշտել է նաև, որ երկրի եւ ժողովրդի շահերը առաջ մղելը խորհրդարանական դիվանագիտության բազմաթիվ հարթակներում եղել է իր պատգամավորական գործունեության հիմնական առանցքը՝ նշելով, որ որպես Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար ջանք չի խնայել Եվրոպական միության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության, նոր կապերի հաստատման ու խորացման, դիվանագիտական բազմաթիվ խողովակների միջոցով Հայաստանի պետական շահի, Արցախյան հիմնախնդրի օրակարգային հարցերի ներկայացման եւ առաջխաղացման համար: Աբրահամյանի կարծիքով՝ դրանց ուղղությամբ ինքն արձանագրել է կարեւոր ձեռքբերումներ։

«Շնորհակալ եմ մեր պետության այս կարեւորագույն շրջանում ինձ տրված քվեի եւ վստահության համար: Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը»,- եզրակափել է Աբրահամյանը: