Բավ է պառակտվել
19-10-2019 18:47

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները կոչ են արել կասեցնել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Ֆրանսիան և Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառեն Անկարայի նկատմամբ Սիրիայում ռազմական գործողությունների համար, ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության կասեցումը։ Համատեղ դիմումով Ֆրանսիայի իշխանություններին ուղղված այսպիսի կոչով հանդես է եկել Ազգային ժողովի վեց տասնյակ պատգամավորների (խորհրդարանի ստորին պալատ) խումբը, որում ընդգրկված են ութ քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրանց դիմումի տեքստը հրապարակել է շաբաթ օրը Le Figaro թերթը:

“Մենք խորապես վրդովված ենք Սիրիայի Քուրդիստանում Թուրքիայի ռազմական հարձակողական գործողություններից, ինչպես նաև արևմտյան ժողովրդավարությունների անգործությունից այս ինտերվենցիայի ժամանակ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և ապակայունացնում է ողջ տարածաշրջանը, որը մինչ այդ արդեն շատ է տուժել: Մենք կոչ ենք անում Ֆրանսիային և Եվրամիությանն սկսել անհապաղ գործել և ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները”, - ասվել է հայտարարության մեջ:

Դիմելով Ֆրանսիային և ԵՄ-ին, պատգամավորներն այդ միջոցառումների թվում նշել են, որ անհրաժեշտ է “նախաձեռնել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը կասեցնելու գործընթացը, քանի որ նրա գործողությունները սպառնում են ընդհանուր անվտանգությանը”: Բացի այդ, ֆրանսիացի խորհրդարանականները պահանջում են “նույնպիսի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, ինչպիսիք ընդունվել են Ռուսաստանի դեմ”։ Սրանից զատ՝ պնդում են պատգամավորները, Փարիզն ու Բրյուսելը պետք է փորձեն “դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բոլոր բանակցությունները, ինչն այժմ քիչ հավանական է”, ինչպես նաև “դադարեցնեն ցանկացած ֆինանսական օգնությունն” այդ երկրին:

Պատգամավորները կարծում են, որ ԵՄ-ն և Ֆրանսիան պարտավոր են գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի “Թուրքիան հնարավորինս շուտ դադարեցնի իր ագրեսորական պատերազմը”։ “Անհրաժեշտ է պաշտպանել մեր քուրդ դաշնակիցներին, ովքեր արդեն իսկ բարձր գին են վճարել՝ մեզ հետ միասին կռվելով”,- նշել են ֆրասիական տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։ “Մենք բարոյական պարտք ունենք քուրդ մարտիկների, այս խիզախ կանանց և տղամարդկանց նկատմամբ, որոնք հազարավոր զոհեր են տվել մեզ պաշտպանելու համար։ Եվ ում թուրք նախագահը համարձակվում է անամոթաբար անվանել ահաբեկիչ, մինչդեռ նա ինքն է հովանավորում բոլոր տեսակի իսլամական խմբավորումներին, ինչպես նաև սիրիական ջիհադիստներին”, - շեշտել են խորհրդարանի ստորին պալատի ներկայացուցիչները։

Նրանք կոչ են արել Ֆրանսիային “գլխավորել եվրոպական օգնության նախաձեռնությունը, որը պատիվ կբերի Եվրամիությանը և ցույց կտա բոլորին, որ այն դեռևս ի զորու է կերտել պատմություն, պաշտպանել ինչպես իր, այնպես էլ դաշնակիցների ռազմավարական շահերը”։