Բավ է պառակտվել
16-09-2020 17:25

«Արայիկ Հարությունյանը քանդում է համակարգեր»․ «Լուրջ ե՞ք  ասում»․ բանավեճ նախարարի ու պատգամավորների միջև 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրան անվստահություն հայտնելու հարցը հանրության կողմից ամենաբնական պահանջն է։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նշենք, որ այսօր  Ազգային ժողովում ԼՀԿ–ն բարձրացրեց   Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը։

«Տեսեք, թե ինչ է կատարվում հանրակրթական դպրոցներում, բուհերում, գիտության հետ առհասարակ, իսկ մշակույթի և սպորտի մասին կարելի է առհասարակ լռել։ Հարությունյանը 2 տարվա ընթացքում, բացի գիտական և մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած ծաղրանքի ու հեգնանքի, բարեփոխումների իմիտացիայից, այլ քայլեր չեն արվել»,–ասաց Սամսոնյանը։

Դիտարկմանը, թե արդյո՞ք ԼՀԿ–ն Հարությունյանին հրաժարականի պահանջով վախեցնելու միտում ունի, Սամսոնյանը պատասխանեց` ԱԺ դահլիճում նստած «Իմ քայլի» 88 պատգամավորները նրան հանդուրժում են այն բանի համար, որ նա հեղափոխական առաջնորդներից մեկն է։ Այլ արժանիք, ըստ Սամսոնյանի՝ որպես նախարար Հարությունյանը չունի։  Բոլորը գիտեն, որ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է` այդ իսկ պատճառով էլ լռում են։ 

Գևորգ Գորգիսյանն  էլ նկատեց, որ  հեղափոխությամբ ու ժողովրդի ուսերին նստած իշխանության եկած ուժը հեռացել է ժողովրդից ու մոռացել է, թե ինչպես իշխանության եկել։ 

«Արայիկ Հարությունյանը մինչև հիմա քանդում է համակարգեր՝ փոխարենը չառաջարկելով նոր համակարգ, որևէ նոր լուծում»,- հայտարարեց Գորգիսյանը։ Արդեն ԱԺ –կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  Արայիկ Հարությանը պատասխանեց իր հրաժարականը պահանջողների հարցերին։ Ասաց ,որ   «Լուսավոր Հայաստանի նախաձեռնությունն ավելի կուժեղացնի նախարարությանը։ «Սա ևս մեկ առիթ է նախարարության իրականացրած ծրագրերը հանրությանը ներկայացնելու»։ 

Նախարարը ներկայացրեց կրթական բարեփոխումների ժամանակացույցով նախանշված փոփոխությունները, ինչպես նաև իր անցած քաղաքական ուղին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, սակայն, նկատեց, որ նախարարի խոսքերը չեն համապատասխանում գործողություններին։

«Դպրոցների կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական անձինք, բուհերի կառավարման խորհուրդներում շարունակում են մնալ քաղաքական մարդիկ։ Ավելին` դպրոցների կառավարման խորհուրդներից քաղաքական նպատակներով հեռացվում են մարդիկ այն պատճառով, որ ձեզ դուր չի եկել նույնիսկ ոչ թե իրենց, այլ իրենց բարեկամի ելույթը։ Դպրոցներում շարունակում է տիրել նույն վախի մթնոլորտը, և ուսուցիչները մեզ զանգում, բողոքում են տարբեր բաներից, բայց ասում են` հանկարծ մեր դպրոց չգաք, մեր անունը չտաք»,– ասաց Գորգիսյանը։

Ի պատասխան Արայիկ Հարությունյանն առաջարկեց կարդալ իր ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունները։

«Տեսեք` ինչքան ուսուցիչ է այնտեղ քոմենթում, ու ոչ մեկին դեռ ոչ մի բան չի եղել։ Ու եթե որևէ մեկն ասել է, որ իր բարեկամի ելույթից հեռացվել է կառավարման խորհրդից, նա ստում է, ու դուք պետք է ասեք, թե ով է ձեզ նման բան ասել, որ նա պատասխանատվության ենթարկվի իր ստի համար,– ասաց նա,– Լո՞ւրջ եք ասում։ Ուսուցիչը երբեք այսքան ազատ չի եղել, որքան հիմա»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նախարարին դիմելով` ասաց, որ ոլորտի կառավարման վերաբերյալ հանրային դժգոհույուն կա, որից խուսափել հնարավոր չէ։

Ի դեպ այսօր  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձում էին «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ տանել ԱԺ նիստերի դահլիճ:  Անի Սամսոնյանը նախ բանակցեց նիստերի դահլիճում գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, այնուհետև դուրս եկավ, ում հետևեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պաստառը տանել դահլիճ, Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացավ պաստառի գրությանը, ապա հորդորեց անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ: Դրանից հետո պատգամավորները փորձեցին ներս մտնել, սակայն  անվտագության աշխատողները հրեցին Գորգիսյանին, ինչից հետո դուրս եկավ Արարատ Միրզոյանը, որի միջամտությունից հետո թույլ տվեցին ներս մտնել պաստառով:

Նշենք, որ  նախարարի հետ հարցուպատասխանից հետո Ազգային ժողովն իրականացնելու է քվեարկություն՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։