Բավ է պառակտվել
19-10-2022 10:39

ԵԽԽՎ 47 պատգամավոր Ադրբեջանին կոչ են արել անհապաղ և անվերապահորեն դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

ԵԽԽՎ 47 պատգամավոր հանդես են եկել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող գրավոր հայտարարությամբ, կոչ անելով Բաքվին անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր գերիներին։
Հայտարարության հեղինակները, մասնավորապես, խստորեն դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան, «որը որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի՝ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտում է»։
«Մենք դատապարտում ենք նաև ադրբեջանական զինուժի կողմից ռազմագերիների և գերեվարված հայերի նկատմամբ դիտավորյալ սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խաղաղ մասնակցել բանակցային գործընթացին։ Պահանջում ենք ադրբեջանական զինուժի անհապաղ և անվերապահ դուրս բերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակում»,- ասված է հայտարարության մեջ։