Բավ է պառակտվել
20-02-2015 11:28

Թող ՀԱԿ անդամները Սերժ Սարգսյանին ջան ասեն, ջան լսեն. Փաշինյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին նախագծի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին «հիշեցրեց» առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բաց նամակը: «Ես հասկանում եմ, որ ձեր՝ գլխավոր դատախազ դառնալու երազանքը, պարոն Ջհանգիրյան, ընդամենը մեկ օր առաջ փլուզվել է: Եվ այդ երազանքն իրագործելու համար հիմա Դուք նոր ծրագրեր եւ սցենարներ մշակելու անհրաժեշտություն ունեք եւ այսօր արեցիք այդ անհրաժեշտության առաջին քայլը, ինչի կապակցությամբ Ջեզ շնորհավորում եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Ջհանգիրյանն ու իր կուսակիցները սկսել են Սերժ Սարգսյանին ընդունել՝ որպես նախագահ, ինչն ինքը չի պատրաստվում անել: «Նրանք ընդունում են Սերժ Սարգսյանին, նամակ են գրում, իրենց խնդիրն է: Թող բաց նամակ գրեն, փակ նամակներ գրեն, ջան ասեն, ջան լսեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը սենյակից դուրս եկավ: Նախագիծը հանձնաժողովը չընդունեց, հետեւաբար, այն չի ընդգրկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստում: