Բավ է պառակտվել
05-10-2022 13:29

ՀԱՊԿ-ի գործողությունները պետք է գործնականում ցույց տան տարածաշրջանում կազմակերպության ներկայությունն ու դերը․ Հայաստանում ՌԴ դեսպան

ՀԱՊԿ-ի գործողությունները պետք է գործնականում ցույց տան կազմակերպության ներկայությունն ու դերն այս տարածաշրջանում, ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան էր ժամանել անցած շաբաթվա վերջին և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Որքանով տեղյակ եմ, Զասը զեկուցել է այն կետերի մասին, որոնք ՀԱՊԿ-ի միավորված շտաբի քարտուղարությունը մտադիր է ձևակերպել անդամ պետությունների ղեկավարների քննարկման համար։ Կարծում եմ, որ խոսքը կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան տարածաշրջանում կազմակերպության ներկայությունն ու դերը»,- ասել է նա լրագրողներին Երևանում EXPO Rusia Armenia 2022 ֆորումի շրջանակում։

Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի ձեռնարկած քայլերից շատերը հայտնի են, քանի որ գործում են 2020-2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների վրա հիմնված եռակողմ մեխանիզմները։

«Սրանք գործնական խնդիրներ են, որոնց լուծումը, բոլոր կողմերի կարծիքով, ճանապարհ կբացի դեպի խաղաղություն և զարգացում: Մենք գնահատում ենք այդ ձևաչափերը և կարևորում դրանք: Չնայած խնդիրներին և մարտահրավերներին, մենք ելնում ենք նրանից, որ. սա բխում է բոլոր երկրների շահերից, որ հայկական և ադրբեջանական կողմերից կա քաղաքական կամք։ Մենք կշարունակենք աշխատել այս ձևաչափերում»,- ասել է նա։

Դեսպանն ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի ներկայության վրա տարածաշրջանում, այդ թվում՝ սահմանի խնդրահարույց շրջաններում։

«Մեր զինվորականները, խաղաղապահները, սահմանապահները կապի մեջ են երկու կողմերի հետ։ Այստեղ նրանք աշխատում են, գործում, և սա նույնպես կարևոր գործոն է կայունության պահպանման և իրավիճակի հետագա սրումը կանխելու համար»,- ընդգծել է նա։

Նա հայտնել է, որ մշտապես տարվում է շատ սերտ և վստահելի թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ քաղաքական երկխոսություն։

«Ամենաբարձր մակարդակով սերտ շփումներ կան, այսինքն՝ սա մի ամբողջ համալիր է քայլերի, միջոցառումների,որոնք ուղղված են նրան, որ իրավիճակը չվատթարանա, և առաջընթաց լինի անհրաժեշտ պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ»,- ասել է նա։