Բավ է պառակտվել
02-03-2023 12:35

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությունը դատապարտված է ձախողման․ ընդդիմադիր պատգամավոր

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությունը դատապարտված է ձախողման, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում այնպիսի միավորի գոյությունն, ինչպիսին Արցախն է, ասել է Հայաստան ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ակնհայտ է, որ (Հայաստանի) գործող իշխանությունները, խոսելով Արցախի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին, փորձում են խուսափել ղարաբաղյան հարցում իրենց պատասխանատվության բաժնից, ինչը դատապարտելի է եւ անընդունելի։ Ստեփանակերտի ներգրավումը սկզբից եւեթ ենթադրվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։ Եվ այն էլ՝ միայն այն փուլում, երբ միջազգային հանրության եւ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից առաջարկվեին ղարաբաղյան հակամարտության լուծման որոշակի տարբերակներ»,- ասել է հինգշաբթի Մինասյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցում։

երկխոսության պատկերացումն այլ փաթեթավորմամբ՝ որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու մի ինչ-որ միջոց, ըստ պատգամավորի, դատապարտված է ձախողման։

«Ադրբեջանը սկզբից եւեթ հայտարարել է այն մասին, որ չկա այնպիսի միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է։ Նա արցախահայերին դիտարկում է որպես իր քաղաքացիներ, որպես ազգային փոքրամասնություն։ Դա նշանակում է, որ ստեղծված պայմաններում ցանկացած մեխանիզմ դատապարտվելու է ձախողման։ Իսկ եթե երկխոսությունը հիմնվեր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա, նման շփումներին կարելի կլիներ շատ ավելի լավատեսորեն մոտենալ»,- ընդգծել է Մինասյանը։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի ցանկացած շփում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ չվերածվի Ադրբեջանի ներքին հարցերի լուծման քայլերի։

Նախօրեին ՌԽԶ հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ Իվանյան համայնքում կայացել է Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի տեղեկացմամբ՝ Քննարկվել են հումանիտար և ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը: