՛՛Հայ Յեղափոխական Դաշնակցության՛՛ Գերագույն մարմնի երեկ տեղի ունեցած անդրանիկ նիստից հետո Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեցին, որ նիստի ժամանակ ՀՅԴ-ի քաղաքական գիծը վերահաստատվել է, և դա է նաև պատճառը, որ ԳՄ 11 անդամներից 8-ը նորից վերընտրվել են:
Աղվան Վարդանյանն ընթերցեց ԳՄ-ի նոր կազմի մասին ՀՅԴ ԳՄ հայտարարությունը, ուր անդրադարձ է եղել նաև երկրի վիճակին և ՀՅԴ հետագա քաղաքականությանը.
՛՛Մեր երկու ընկերները չեն ընտրվել իրենց ցանկությամբ։ Արսեն Համբարձումյանը և Սպարտակ Սեյրանյանը մեր ամենափորձառու ընկերներն են, դա նրանց անձնական որոշումն է եղել, և առաջիկայում դուք նրանց կտեսնեք տարբեր աշխատանքների մեջ՛՛,-նշեց Ռուստամյանը և հավելեց, որ իրենք մնում ենք ընդդիմադիր դաշտում, շարունակելով 7 կետերը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատել, և իրենց հարաբերությունը Կառավարության հետ շարունակվելու է պայմանավորվել 7 կետերի ընդունման աստիճանով:
Անդրադառնալով Կառավարության կազմում կադրային փոփոխություններին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք պետք է համոզված լինեն, որ մարդկանց փոփոխությունից հետո համակարգում տեղի կունենան էական փոփոխություններ: ՛՛Մեր խորին համոզմամբ՝ ամբողջական իշխանափոխության դեպքում է, որ ժողովուրդը կգա իշխանության: Եթե չկա այդպիսի երաշխիք, մենք համարում ենք, որ դա ինքնանպատակ քայլ է՛՛,- ասաց նա:
Իսկ Աղվան Վարդանյանը շեշտեց, որ դրա համար իրենց 7 կետերի փաթեթը ենթադրում է համակարգային փոփոխություններ և տնտեսական փոփոխություններ:
Նա նաև անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական բարեփոխումների մասին այսօր հնչեցրած կարծիքին. ՛՛Սա մեզ չի վերաբերվում, քանի որ մենք ի սկզբանե գտնում ենք, որ գործող համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը՛՛:
Վերջինս նաև տարօրինակ համարեց, որ ԲՀԿ-ն 2012թ.-ին հայտարարում էր, որ կողմ է խորհրդարանական համակարգին, իսկ այսօր ասում է, որ նման բարեփոխումներ պետք չեն: ՛՛Մենք քառյակում ունենում ենք բաց, անկեղծ քննարկումներ։ Եվ ենթադրություններ անել, որ ԲՀԿ-ն այդ բարեփոխումների արդյունքում ուզում է իշխանության գալ, պետք չէ՛՛,- ասաց նա:
Մեկնաբանելով կարծիքները, թե ՀՅԴ-ն դաշտ է բացում Ռոբերտ Քոչարյանի համար, Արմեն Ռուստամյանն ասաց, թե իրենք որևէ մեկի համար դաշտ ապահովելու խնդիր չունենք, ՀՅԴ-ն գործում է իր սկզբունքներով: ՛՛Այո՛, սահմանադրական բարեփոխումների հարցում ՀՅԴ-ի և Ռոբերտ Քոչարյանի տեսակետների մեջ կա տարբերություն՛՛: