Բավ է պառակտվել
12-02-2020 15:13

Գործող իշխանության համար գերխնդիր է հլու–հնազանդ ՍԴ ունենալը․Դավիթ Հարությունյան

Գործող իշխանության համար գերխնդիր է հլու–հնազանդ Սահմանադրական դատարան ունենալը, ինչին հասնելու համար հապճեպ, չմտածված քայլեր են արվում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով ապրիլի 5–ին հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխություններ կատարելուն։
Ըստ Դավիթ Հարությունյանի, հանրաքվեի գործընթացը հակասահմանադրական է ոչ միայն այն պատճառով, որ չկա Սահմանադրական դատարանի եզրակացությունը: Խնդիրը նա երկու մասի է բաժանում. «Այո, չկա ՍԴ եզրակացությունը, սա արդեն լուրջ խախտում է Սահմանադրության: Բայց կա երկրորդ լուրջ` ընթացակարգային խախտումը՝ սա չի համարվում Ազգային ժողովի կողմից չընդունված նախագիծ»։
Հարությունյանը ասում է, որ ՍԴ դատավորների՝ Եվրոպական դատարան դիմելու և հաղթելու հնարավորությունները մեծ են։  Պետությունը կպարտվի, որովհետև գնում է հակասահմանադրական ճանապարհով,  «Իհարկե, շատ կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի դիրքորոշումը, բայց դա ամենակարևորը չէ։ Պետությունը պարտվելու է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պարտվում է իր ապագան։ Մենք, անշուշտ, լուրջ խնդիրներ կունենանք։ Սա մեր դիրքերը թուլացնելու է արտաքին քաղաքականության առումով և Հայաստանին դնելու է ավելի թույլ վիճակում», - ասաց նա։
Հարությունյանը ասում է, որ աշխարհում չենք գտնի մեկ դատարան, որի կազմը միանգամից ամբողջությամբ փոխվի, ինչն արվելու է այս դեպքում ՍԴ–ի հետ։ Իսկ դա ազդելու է դատական համակարգի գործունեության վրա, խախտելու է բալանսը։
Անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին եւ հայտարարությանը, թե փաստացի չունենք մեր երազանքի ՍԴ-ն՝ Դավիթ Հարությունյանն ասաց․ «Գործ ունենք բառախաղի հետ: Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է դատավորներ նշանակվեին անմիջապես սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, ապա դա կնշանակեր չբալանսավորված ՍԴ»։ Նա հիշեցրեց, որ այն պահին, երբ Սահմանադրությունն ընդունվում էր, խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն էր, իսկ ՍԴ-ում կային մարդիկ, որոնք նշանակված են եղել առաջին նախագահի օրոք, երկրորդ նախագահի օրոք. «Եթե մենք մտածեինք, որ տեսականորեն կարելի է այդ ուղղությամբ գնալ, միգուցե մեծ լիներ գայթակղությունը գրել սահմանադրության մեջ, որ դատավորները պետք է զրոյից նշանակվեն, չէ՞ որ դա հնարավորություն կտար ՀՀԿ-ին դե ֆակտո ունենալ ՀՀԿ-ի կողմից նշանակված դատավորներ: Բայց չգնացինք այդ ճանապարհով, քանի որ դա անթույլատրելի է։ Այն ճանապարհը, որ ընտրվել էր, շատ ավելի խելամիտ էր, որ ապահովեր դատավորների անփոփոխելիության սկզբունքը, մյուս կողմից՝ ՍԴ-ի բալանսավորված լինելու սկզբունքը։ Այն, ինչ ասվում է, գեղեցիկ բառախաղ է, որի տակը կա զրո բովանդակություն»։

Մեկ այլ հարցի` եթե ՍԴ դատավորները հրաժարականի դիմում ներկայացնեն ու վաղ կենսաթոշակի գնան, ի՞նչ կլինի, Հարությունյանն արձագանքեց` ՍԴ գրեթե բոլոր դատավորներին անձամբ է ճանաչում և չի կարծում, որ նրանցից որևէ մեկը կընկրկի։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

 

 

Արմինե Գևորգյան