Բավ է պառակտվել
26-06-2020 16:05

Ում համար է՞ ՍԴ աղմկահարույց որոշումը պատմական

Ես համարում եմ, որ սա ՍԴ-ի ճգնաժամի լուծում է և ողջունում եմ ԱԺ–ի այս քայլը. Սահմանադրական դատարանի դիմաց հայտարարեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը` անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին:

«Պատմականությունն այն է, որ առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով` այդ փոփոխությունը նվիրել է հենց ՍԴ-ին՝ դրանով ընդգծելով հենց ՀՀ ՍԴ կարևորությունը պետական մարմինների համակարգում և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ, որը ենթակա էր լուծման:

Նրա հայտարարել է,որ մեկ տարվա դադարից հետո այսօրվանից սկսելու է մասնակցել ՍԴ նիստերին: «Անցած մեկ տարվա ընթացքում չեմ կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները, քանի որ ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՍԴ գործող կազմը սահմանադրական չի համարել:

Հարցին, իսկ այդ դեպքում արդարացի՞ է, որ ինքը մեկ տարի աշխատավարձ է ստացել՝ առանց իր աշխատանքային պարտականությունները կատարելու, Գրիգորյանը պատասխանեց՝ իր մեղքով չէ, որ ինքն իր աշխատանքային պարտականությունները չի կարատել։
«Իմ ապրուստի միակ միջոցն իմ աշխատավարձն է, եթե ես հրաժարվեմ այդ ապրուստի միջոցից, որքանո՞վ դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, վստահ ու ապահով կզգաք՝ մտածելով՝ իսկ ինչո՞վ է ապրում այդ դատավորը, ի՞նչ եկամուտներով պիտի ապրի։ Մտածե՞լ եք այդ մասին։ Այո, կան իրավիճակներ, երբ պաշտոնյան ի վիճակի չէ նիստերին մասնակցելու։ Այդ ժամանակը իզուր չի անցել, ես մշակել եմ ընթացակարգային փաստաթղթերի նախագծեր, որոնք ժամանակի ընթացքում քննարկելով պիտի ընդունենք։ Եվ իմ աշխատավարձ ստանալու կամ ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը որպես ՍԴ ճգնաժամի պատճառ են ներկայացնում որոշ ԶԼՄ-ներ։ Շատ ճիշտ է, որ կենտրոնացել եք այդ ճգնաժամի հարցի վրա, թեկուզև իմ վրա անձնական հարձակումների միջոցով»,- նշեց նա։

Վերջինս ողջունել է Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների ընդունումը, որով Սահմանադրական դատարանի՝ ընդհանուր տեւողությամբ 12 տարի պաշտոնավարած 3 անդամների (տիկին Ա. Գյուլումյանի, պարոնայք Ֆ. Թոխյանի եւ Հ. Նազարյանի) պաշտոնավարումը դադարում է՝ նշելով, որ փոփոխությունները արդյունավետորեն կյանքի կոչելու դեպքում՝ միանշանակ ճգնաժամը հաղթահարված է լինելու:

Նա անդրադարձել է նաև հացին, թե ինչու Ազգային ժողովը չուղարկեց սահմանադրական փոփոխությունները ՍԴ դրանց սահմանադրականությունը ստուգելու նպատակով:

«Այստեղ խնդրի ողջ աբսուրդն այն է, որ մինչեւ հիմա քննարկվում է, թե արդյոք կողմնակալ ՍԴ անդամները կարող են քննել իրենց վերաբերյալ պրոցեսը... կողմնակալությունը մի վիճակ է, երբ որ արբիտրը այս կամ այն կողմի օգտին կամ դեմ որոշման մեջ շահագրգռվածություն ունի, գործի ելքով շահագրգռվածություն ունի», - ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ այս գործում իրենք ոչ թե կողմնակալ են, այլ կողմն են:

Նա նաև ողջունել է լիազորությունները դադարեցվող ՍԴ անդամների մտադրութունը բողոքարկելու տեղի ունեցած՝ գնալով մինչև Եվրոպական դատարան: «Դա կողմի իրավունքն է, ես չեմ ցանկանում այն մեկնաբանել: Եթե նրանք համարում են, որ խախտված իրավունքներ ունեն, միայն ողջունելի է, որ կդիմեն այդ իրավունքների վերականգնման համար» - նկատեց Վահե Գրիգորյանը:

 

 

Արմինե Գևորգյան