Բավ է պառակտվել
17-01-2018 10:12

«Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի». Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության ղեկավար, « Բարգավաճ Հայաստան կուսակցության» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին անփոխարինելի գործիչ համարում է, հայտարարեց․ - «Ինձ համար անփոխարինելի մարդ գոյություն չունի»:

Ի պատասխան հիշեցմանը, որ ՀՀԿ-ից հայտարարում են, թե անվտանգության և Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Ծառուկյանն ասել է. «Անփոխարինելի մարդ գոյություն չունի: Այդ հարցերը տվեք Հանրապետական կուսակցությանը: Խորհրդարանական ընտրության ժամանակ մեր ժողովուրդը լիարժեք 55 % ձայն տվել է Հանրապետական կուսակցությանը, ուրեմն իրենք են որոշելու, իրենք են ներկայացնելու վարչապետության թեկնածուին»:

Հարցին, թե ով է ավելի ընդունելի որպես վարչապետի թեկնածու՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն պատասխանել է, որ թող ՀՀԿ-ն ներկայացնի իր թեկնածուին, ինչից հետո իրենք կքննարկեն ու կհայտնեն իրենց տեսակետը: Նա, սակայն, չի պարզաբանել, արդյոք Սերժ Սարգսյանն իրենց համար ընդունելի՞ թեկնածու է. «Նորից եմ կրկնում, երբ որ Հանրապետական կուսակցությունը համապատասխան թեկնածու կառաջարկի, մենք մեր խմբակցությունով կքննարկենք և մեր տեսակետը կասենք»:

Առաջիկա ուրբաթ օրը ընդդիմադիր «Ելք» դաշինքը երթ կանցկացնի՝ ընդդեմ թանկացումների և հարկային բեռի ավելացման։ Ծառուկյանը չխոսեց բողոքով փողոց դուրս գալու մասին, քանի որ կարծում է, որ անհրաժեշտ է մասնակցել գնաճի վերաբերյալ իշխող մեծամասնության ձեռնարկած խորհրդարանական լսումներին

 «Եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, մեր ընտրողները դուրս են գալի փողոց, հարցի լուծումը ո՞րն է․․․ Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե՞ հարցը կարգավորենք: Քանի որ երկրի նախագահը հանձնարարել է, որ խորհրդարանում քննարկեն այդ հարցը, ամեն մի խմբակցություն, ամեն մի կուսակցություն իր տեսակետը, մոտեցումը պետք է ասի: Տեսնենք ինչ են որոշում, քանի որ արդեն այդ մասին երկրի նախագահը հանձնարարել է, որ խորհրդարանում այդ հարցը քննարկվի»: