Բավ է պառակտվել
19-05-2021 14:00

Նախ՝ հակառակորդը պետք է հեռանա Հայաստանի տարածքից․ ԱԽ-ն՝ Ռուսաստանի նախաձեռնության մասին

Երևանն արձագանքել է Մոսկվայի՝ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու առաջարկին։

Երևանը ողջունում է ռուսական կողմի ջանքերը, սակայն այդ աշխատանքները սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես» գործակալությանը՝ մեկնաբանելով Մոսկվայի նախաձեռնությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է եկել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կկարողանա մասնակցել խորհրդատուի, միջնորդի կարգավիճակով։

Հայաստանի ԱԽ քարտուղարն արձանագրել է, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված համատեղ հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն։

Մայիսի 12-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ ադրբեջանական զորքերը փորձեր են ձեռնարկել մոտենալ սահմանին Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ Ըստ նախարարության՝ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշ խատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, բայց հայկական զինված ուժերի ձեռնարկած միջոցառումներից հետո դադարեցրել այդ աշխատանքները։ Մի քանի օր բանակցություններ են ընթացել ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ։

Բացի այդ, մայիսի 13-ին Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջանալ Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով՝ կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ։ Երևանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել իր դաշնակցից՝ Ռուսաստանից։

Մայիսի 17-ին ԱԽ նիստում վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մայիսի 12-ից հետո ռազմաքաղաքական իրադրությունը չի փոխվել, չնայած ադրբեջանցի զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել հանրապետության տարածքից։ Բանակցությունները կվերսկսվեն մայիսի 19-ին։ Երևանի դիրքորոշումն անփոփոխ է․ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն հանրապետության տարածքը, կշարունակվի ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկումը։