Բավ է պառակտվել
25-12-2024 23:57

Դմիտրի Պեսկովն ասել է, որ անդամակցությունը ԱՊՀ-ին զգալի օգուտներ է բերում Հայաստանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնական մասնակիցը՝ չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) իր մասնակցության կասեցմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը դեռևս կարևոր դեր է խաղում ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում. Նրա մասնակցությունը զգալի դիվիդենտներ է բերում ինչպես երկրին, այնպես էլ հայ ժողովրդին։ Այս փոխգործակցությունը կարևոր է երկու կողմերի համար՝ և՛ ԱՊՀ, և՛ մեր հայ գործընկերների համար»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ամենամյա հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է դեկտեմբերին, այս տարի կանցկացվի Լենինգրադի մարզի Իգորա լեռնադահուկային հանգստավայրում՝ Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու։