Բա՛վ է պառակտվել
13-11-2018 18:20

12 օր նախընտրական քարոզարշավի համար կամ ի՞նչ է սպասում Հայաստանին արտահերթ ընտրություններից հետո

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշումը կրկին բազմաթիվ մեկնաբանություններ է առաջացրել այն մասին, ինչպիսի ընտրություններ են սպասում Հայաստանին, և, որ ավելի կարևոր է, ինչպիսի խարհրդարան կունենա երկիրն արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերին։

Ընտրությունն արված է, ընտրություններ չեն լինի

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում զգալիորեն սասանվել է ընտրությունների ինստիտուտի նկատմամբ վստահությունը։ Գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքարկել է դրանց արդյունքերը Սահմանադրական դատարանում կամ մարդկանց հանել է փողոց։ Ապրիլյան դեպքերից և իշխանափոխությունից հետո երկրում պատմական հնարավորություն է առաջացել անցկացնել ոչ թե պարզապես ազատ, այլ բովանդակալից և իմաստալից ընտրությունների։ Ընտրություններ, որոնց ընթացքում կպայքարեն ոչ թե “քրեական հեղինակությունները”, այլ գաղափարախոսությունը և տեսակետները երկրի ապագայի մասին։ Սակայն իրականում ընտրություններն արդեն կայացել են․․․

Դեկտեմբերին ընտրություններն անցկացնելու Նիկոլ Փաշինյանի շտապողականությունն, ինչպես նաև քվեարկության վարկանիշային համակարգ պարունակող գործող Ընտրական օրենսգրքի պահպանումը հասկացրեցին, որ ընտրությունն արդեն արված է, և որ քաղաքական դաշտում (անգամ Փաշինյանի կուսակցության ներսում) չեն հասցրել զգալի փոփոխություններ տեղի ունենալ։ “Հին” Հայաստանի քաղաքական ուժերը “թոշակի չեն գնացել”, իսկ “նոր” Հայաստանի քաղաքական ուժերը դեռևս լիովին չեն ձևավորվել։ Հարկ է նշել նաև, որ նախօրոք հայտնի ելքով ընտրությունները չեն կարող քաղաքական համարվել։ Առաջիկա արտահերթ ընտրությունները այդպիսին չեն կարող համարվել նաև այն պատճառով, որ Փաշինյանից բացի ուրիշ ոչ մի քաղաքական սուբյեկտ իշխանություն ձեռք բերելու խնդիր չի դնում։
Իհարկե, գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, բայց, ամեն դեպքում, հարկ է արձանագրել, որ անգամ ՀՀԿ-ն՝ Փաշինյանի կառավարության միակ ընդդիմադիր ուժը (ԲՀԿ-ն վարչապետի հետ հուշագիրը ստորագրելուց հետո կորցրել է ոչ միայն իրական ընդդիմություն լինելու հնարավորությունն, այլ նաև իշխանությանն այլընտրանք լինելու իր քաղաքական առաքելությունը), սոսկ կարող է հավակնել առավելագույնը խորհրդարանի տեղերի 1/3 -ին, որն ընդդիմության համար ամրագրված է օրենսդրությամբ։

Խորհրդարանի կողմից նոր ԸՕ-ն չընդունելուց հետո պարզ է դարձել, որ նոր Ազգային ժողովում, բացի “Իմ քայլը” դաշինքից, ներկայացված կլինեն հանրապետականները և “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը։ Նրանք ունեն բավարար թվով ընդունելի վարկանիշային թեկնածուներ, ինչը կապահովի նրենց ներկայությունը խորհրդարանում։ Միևնույն ժամանակ, նախկին Ընտրական օրենսգրքի պահպանումը գրեթե անհնարին է դարձրել նոր ուժերի մուտքը խորհրդարան, քանի որ, ինչպես արդեն նշվել է, Փաշինյանի շտապելու պատճառով նրանք վերջնականապես ձևավորվելու բավարար ժամանակ չեն ունեցել։ Բացի այդ, այս ուժերը, որքան էլ տարօրինակ չհնչի, հարկավոր են միմյանց:

Փաշինյանին հարկավոր է ընդդիմությունը, իսկ ընդդիմությանը՝ Փաշինյանը

Փաշինյանին, օդի նման, հարկավոր է ՀՀԿ-ի նման ընդդիմությունը և ներկայիս “Բարգավաճ Հայաստանի” նման ուժը:
ՀՀԿ-ն հարկավոր է Փաշինյանին նախընտրական փուլում, քանի որ դա թույլ կտա պարզունակեցնել քաղաքական պայքարի տրամաբանությունը և ամեն ինչ տեղափոխել “սևերի՞ և ՞սպիտակների” հակամարտության հարթություն։
ՀՀԿ-ի խորհրդարան անցնելու դեպքում միջնաժամկետ հեռանկարում կարելի է բազմիցս խաղարկել “հակահեղափոխության” առասպելը ներքին և արտաքին քաղաքկանության ցանկացած ձախողումն արդարացնելու համար և վախեցնել հասարակությունը “Ուզում ե՞ք, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը վերադառնան” թեզով։

Միևնույն ժամանակ, «Բարգավաճ Հայաստանը» նոր խորհրդարանում կլինի որպես անցյալի մասունք և Փաշինյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև «քաղաքական գործարքի» հետևանք: ԲՀԿ-ն կդառնա բոլոր իմաստներով վերահսկվող քաղաքական ուժ: Այն խորհրդարանում կկատարի նույն գործառույթը, որը հատկացված էր նրան 2015-2017 թթ.՝ հավելում ՀՀԿ-ին, այսինքն, կսեղմի “անհրաժեշտ կոճակներն անհրաժեշտ պահին”:

“Անցյալի մնացորդները” խորհրդարանում Փաշինյանին հարկավոր են նաև օրենսդիր ժողովում “նոր Հայաստանի” միակ ներկայացուցիչ լինելու համար։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մոնոպոլացնում է երկրի քաղաքական կյանքի այս հատվածը նույնպես։

12 օր նախընտրական քարոզարշավի համար

Առաջիկա քարոզարշավի առանձնահատկությունն այն է, որ այն աննախադեպ կարճ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նման կարևոր քաղաքական իրադարձության համար։

12 օրվա ընթացքում, մեղմ ասած, դժվար է քաղաքացիներին ներկայացնել և բացատրել քաղաքական ուժերի տեսլականը երկրի տնտեսական զարգացման ապագայի, ղարաբաղյան կարգավորման, արտաքին քաղաքականության ապագա վեկտորի, բանակի վերաբերյալ:
Նախընտրական քարոզչության կարճ ժամկետը կհանգեցնի նրան, որ չեն շոշափվի այնպիսի հարցեր, ինչպիսիք են արդի դարաշրջանում հայ ինքնության պահպանումը, կրթական բարեփոխումները, մշակութային քաղաքականության ապագա ուղղվածությունը, այնինչ դրանք նույնպես հասարակության կյանքի շատ կարևոր կողմերն են: Սա կրկին խոսում է այն մասին, որ ընտրությունն, ընդհանուր առմամբ, արդեն արվել է, և նախընտրական քարոզչությունը դառնում է ձևական գործընթաց:

Անբովանդակ քարոզչության հիման վրա ձևավորված խորհրդարանն, ամենայն հավանականությամբ, կհավակնի դառնալ գործադիր իշխանության անբովանդակ հավելված: Հարկավոր է արդյո՞ք Ադրբեջանի հետ սառը պատերազմի մեջ գտնվող երկրին նման օրենսդրական մարմին։ Ակնհայտորեն՝ ո՛չ։

Ինչ կլինի դեկտեմբերի 9-ից հետո

Հանրահայտ ճշմարտություն է, որ մեկ մարդն, անգամ առաջնորդ լինելով, ի վիճակի չէ առաջընթացի հասնել որևէ հիմնավոր հարցում, մանավանդ՝ Հայաստանի նման երկրում իր բազմաթիվ չլուծված հարցերով, սկսած չկարգավորված ղարաբաղյան հակամարտությամբ, վերջացրած՝ բարձր գործազրկությամբ և աղքատության ցավալի մակարդակով։

Սակայն դեկտեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը դեմ հանդիման կմնա երկրի բոլոր չլուծված խնդիրների հետ։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը, ոչ թե նրա խմբակցությունն, այլ ինքն անձամբ, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանում անձնականացված սպասումները կապված են միայն վարչապետի անձի հետ։ Եթե այսօր շատերն ասում են, որ “Փաշինյանին խանգարում է աշխատել լիարժեք իշխանության բացակայությունն”, ապա դեկտեմբերի 9-ից հետո, երբ օրենսդիր իշխանությունն էլ անցնի իր ձեռքը՝ այս արդարացումն այլևս չի գործի։

Նիկոլ Փաշինյանը միայնակ կմնա հսկայական խնդիրների և ոչ պակաս հսկայական հանրային ակնկալիքների հետ։ Առանց լուրջ վերափոխումների և հաջղությունների, Փաշինյանի խոսքերով ասած “առանց կտրուկ տնտեսական վերելքի” յուրաքանչյուր ամիս վարչապետի վարկանիշը կընկնի։ Եվ սա այն իրողությունն է, որին իշխանությունը պետք է պատրաստ լինել արդեն հիմա։

Լրացուցիչ ինչ է պետք իմանալ ընտրությունների մասին

Այս ընտրությունների առանձնահատկություններից է ևս մեկ հանգամանք։ Եթե նախկինում ընտրությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքի ձևավորման համար վճռորոշ էր ընդդիմության գնահատականը, ապա այսօր, դեռևս լիովին չմարած հետհեղափոխական էյֆորիայի շնորհիվ որոշիչ կլինի իշխանության գնահատակը։

Իշխանությունները ընտրությունները կգնահատեն ելնելով այն տրամաբանությունից, որ հարկավոր է քվեարկել “սպիտակների” օգտին, այլապես ձեր ընտրությունը կգնահատվի որպես քրեա-օլիգարխիկ ուժերի ազդեցություն, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել խորհրդարանում:
Այլ խոսքերով, Հայաստանի քաղաքացին “ազատ է Նիկոլ Փաշինյանի և նրա “Իմ քայլը” դաշինքի ընտրության մեջ”։ Հակառակ դեպքում, նրա կամարտահայտումը կգնահատվի որպես անազատ, անարդար և արտաքին գործոնների ճնշման տակ արված։
Ոչ ոք, սակայն, չի կասկածում, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը “ճիշտ ընտրություն” կանի։ Այդպիսին է հետհեղափոխական ժամանակաշրջանում գտնվող ցանկացած պետության իրականությունը, և սա այն է, ինչի հետ պետք է համակերպվել, սակայն անհրաժեշտ է ապագային նայել։

Այս ընտրությունների՝ վերը շարադրվածից բխող մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում կարևոր քաղաքական վերադասավորությունները և գործընթացները կսկսվեն ընտրություններից անմիջապես հետո, այսինքն, 2019 թ., որը նույնպես խոստանում է շատ բուռն լինել: