Բավ է պառակտվել
23-11-2022 21:30

Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթուղթը չի ընդունվել. Զասի խոսքով՝ այն լրամշակման կարիք ունի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների վերաբերյալ գրեթե պատրաստ է, սակայն մի շարք դիրքորոշումներ դեռ պետք է վերջնական տեսքի բերվեն։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով։

«Այսօր առանձնահատուկ ուշադրութմյամբ քննարկվել է երկու փաստաթուղթ․ մեկը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծ է, փաստաթուղթը գրեթե պատրաստ է, ստեղծված բարդ իրավիճակում, որը, իհարկե, կապված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու համալիր միջոցառումներն ընդհանուր առմամբ համաձայնեցվել և որոշվել են»,- ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Զասի խոսքով՝ փաստաթուղթը ընդհանուր առմամբ ընդունվել է, սակայն որոշակի լրամշակման կարիք ունի։ «Ուստի հանձնարարական է տրվել այս փաստաթուղթը վերջնական տեսքի բերել եւ ստորագրման ներկայացնել պետությունների ղեկավարներին»,- ասել է նա։

Զասը նաև հավելել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը նույնպես գրեթե պատրաստ է, սակայն այսօրվա քննարկումների արդյունքներով անհրաժեշտ է եղել մի շարք ճշգրտումներ կատարել այս փաստաթղթում։ «Սա նորմալ գործընթաց է», - նշել է նա։