Բա՛վ է պառակտվել
13-12-2018 14:03

Լրացուցիչ $2,5մլրդ ներդրում բանակի համար և ծայրահեղ աղքատության իսպառ վերացում․ Փաշինյան

Հինգշաբթի օրը կառավարության նիստի ընթացքում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է այն անելիքները և խնդիրները, որոնց լուծման համար Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով, կառավարությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն։

Տնտեսություն և պաշտպանություն

“Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքրություն կա և դա առաջիկայում շարունակելու է աճել: Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա և իմ ուղիղ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները և չստեղծել որևէ խոչընդոտ պոտենցիալ ներդրողների համար”,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքերով, պետք է վերացվի բյուրոկրատական քաշքաշուկների “իստիտուտը”։

“Մոտ ապագայում հարկավոր է աշխատել ներդրումները խթանելու ուղղությամբ։ Քաղաքային և կենտրոնական իշխանությունները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն պոտենցիալ ներդրողների համար, որպեսզի նրանց մտադրությունները ներդրումներ դառնան”,-ասել է Փաշինյանը։

Որպես մեկ այլ կարևորագույն խնդիր՝ Փաշինյանն անվանել է երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը:

“Մենք պետք է ի վիճակի լինենք էական զարգացում ապահովել այս ոլորտում: Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականի,ինժեներական և տեխնիկական, միտքը զարգացնելու հետ, ինչն, իհարկե, առաջիկա ամենակարևոր անելիքների մեջ է”,- ասել է նա:

“Առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք պետք է ԶՈՒ զարգացման նպատակի համար լրացուցիչ ներդնենք շուրջ 2,5 մլրդ դոլար: Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լուրջ աշխատանք տանենք: Այդ միջոցների մի մասը պետք է լինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված”,- ասել է նա։

Կրթություն, առողջապահություն և պայքար ծայրահեղ աղքատության դեմ

“Մենք կրթական ոլորտում շատ աշխատանք ունենք։ Խոսքը բարձրագույն կրթության որակի նոր մակարդակի և տնտեսության պահանջների հետ կապն ամրապնդելու մասին է”, - ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է առողջապահության համակարգին, ապա, ըստ նրա՝ անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ, որոնք հասանելի կդարձնեն բժշկությունը բնակչության լայն խավերին:

Նա նշել է, որ բնակչության սոցիալական վիճակի զգալի բարելավումը պետք է դիտարկվի որպես կառավարության հիմնական խնդիր:

“Մեր ծրագրի առանցքային կետերից մեկը ծայրահեղ աղքատության վերացումն է և աղքատության մակարդակի իրական նվազեցումը: Մենք պետք է կարողանանք լուծել այդ խնդիրները` բարենպաստ պայմաններ ստեղծելով աշխատանքային գուրծունեության համար”, - ասել է Փաշինյանը: