Բավ է պառակտվել
07-08-2020 15:48

Թույլ է տրվել սահմանադրական կարգի տապալում․ՀՅԴ հաղորդում է ներկայացրել դատախազություն

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմինը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ՀՀ օրենսդիր, գործադիր, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնարավոր հանցակցության, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն։

«Այս հաղորդման մեջ նշվել էր Քրեական օրենսգրքով ամրագրված երեք հոդված, այն է՝ իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը և պաշտոնական լիազորություններին անցնելը։ Մենք ստացել ենք Հատուկ քննչական ծառայության, հատուկ գործերով քննիչ Մինասյանի որոշումը՝ այս հաղորդման հիման վրա՝ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ։ Մենք երեք ուժերով՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և ՀՅԴ, որոշել ենք բերել բողոք, օրենքը նախատեսում է բողոք թե՛ Գլխավոր դատախազություն, թե՛ դատական կարգով»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Վերջիններս մատնանշել են մի շարք փաստեր որոնցով ցույց են տվել, թե ինչպես են իրենց կողմից մատնանշված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակը՝ իր հանցավոր մտադրությունը, այն է Սահմանադրական դատարանի լիազորությունների զավթելը փորձել իրականացնել․ «Ցավոք, ավագ քննիչը այս ներկայացված փաստարկը չի դիտարկել իր ամբողջականության մեջ։ Դրա փոխարեն ավագ քննիչը շարժվել է հետևյալ կերպ․ նա վերցրել և այս բոլոր փաստարկումներից մեկ-երկու դրվագ է առանաձնացրել, ապա հղում է տվել հաճախ անբացատրելի գործողության և ասել, որ այդ ամենը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործի հարուցմանը։
Բանախոսի դիտարկմամբ՝ ավագ քննիչը ուշադրություն չի դարձրել և չի ուսումնասիրել Ազգային ժողովի նիստում սահմանադրական փոփոխությունների հետ կապված պատգամավորների ելույթները, այդ թվում՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի։ Փոխարենը, ավագ քննիչը վերցրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, «Իմ քայլը» դաշինքի ղեկավարի հայտարարությունները, նախաձեռնության հեղինակ Վահագն Հովակիմյանի ելույթը․ «Ըստ էության, ավագ քննիչը չի իրականացրել բազմակողմ, անաչառ վերլուծություն, չի ուսումնասիրել ներկայացված փաստարկները և եկել է մի եզրակացության, որով ասում է, թե քրեական հանցագործություն թույլ չեն տվել։ Ավելին՝ ըստ էության, ավագ քննիչն իր եզրակացությամբ հաստատել է, որ սահամանդրական փոփոխությունների ընդունումը ԱԺ-ի կողմից, առանց ՍԴ-ի տված դիրքորոշման՝ օրինական է։ Ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչների լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է Սահամանադրությանը և Վենետիկի պաշտոնական տեսակետին»։
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր տեսակետը, թե թույլ է տրվել սահմանադրական կարգի տապալում: «Եվ իշխանության յուրացման, և՛ սահմանադրական կարգի տապալման, և՛ պաշտոնեական լիազորությունները անցնելու հիմքերը, մեր կարծիքով, ամբողջությամբ բավարար էին, որ իրավասու մարմինը, տվյալ դեպքում՝ ՀՔԾ-ն հարուցեր քրեական գործ: Մեր կարծիքով՝ ՀՔԾ իրավասու անձը ոչ միայն դուրս է եկել իր լիազորություններից, այլև ակնհայտորեն խեղաթյուրելով իրավիճակը՝ ներկայացրել է մի պատկեր, թե իբր ամեն ինչ օրինական գործընթացով է կատարվել, և անձինք թույլ չեն տվել քրեորեն պատժելի արարքներ: Մենք սա համարում ենք մերժելի մոտեցում, դրա համար գրել ենք բողոք՝ ակնկալելով, որ Գլխավոր դատախազությունը կվերացնի քննիչի այս որոշումը և կհարուցի քրեական գործ, և կհետևի, որ իրականացվի պատշաճ նախաքննություն»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

 

 

Արմինե Գևորգյան