Բավ է պառակտվել
25-08-2021 12:10

Ծեծկռտուք և հայհոյանք Հայաստանի խորհրդարանում, նիստը կրկին ընդհատվել է (լուսանկարներ, տեսանյութ)

Խորհրդարանում կրկին քաշքշուկ սկսվեց, այս անգամ՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ:

Նրա ելույթի ժամանակ իշխող կուսակցությունից մեկը տեղից ռեպլիկ է նետել, ինչին պատգամավորը պատասխանել է և հեռացել ամբիոնից՝ ուղղվելով դեպի «Քաղաքացիական պայմանագիր» իշխանամետ խմբակցության: Նախ՝ փոխադարձ հայհոյանքներ հնչեցին, ապա գործի դրվեցին բռունցքները։ Իշխանական պատգամավորներից Վահագն Ալեքսանյանն էլ ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին:

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն անմիջապես ընդհատեց նիստը և հրամայեց անջատել հեռարձակումը: Սա երկրորդ անգամն է, ինչ նիստն ընդհատվում է:

Դրանից հետո, վիճաբանությունը շարունակվեց, անվտանգության ծառայությունը փորձեց շղթա ստեղծել ընդդիմության և իշխանության պատգամավորների միջև՝ ծեծկռտուքը դադարեցնելու համար:

Հերթական անգամ փորձ արվեց խոչընդոտել լրագրողներին նկարահանել այն, ինչ կատարվում է դահլիճում (նրանց արգելված է մուտքը նիստերի դահլիճ - խմբ.)

Ավելի վաղ ընդդիմադիր և իշխանամետ խորհրդարանականների միջև քաշքշուկը սկսվել էր «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շիշ նետեց նրա ուղղությամբ՝ ի պատասխան հայրենիքի դավաճանության մեղադրանքների, ինչից հետո ծեծկռտուք սկսվեց: