Բավ է պառակտվել
22-06-2020 21:11

ԲՀԿ –ն և ԼՀԿ չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

ԲՀԿ խմբակցությունում տարբեր մոտեցումներ կային այսօրվա ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու վերաբերյալ. «Կար մոտեցում, որ միգուցե կա անհրաժեշտություն մասնակցել նիստին եւ կրկին ներկայացնել նոր հիմնավորումները, մոտեցումները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ ի վերջո որոշում է կայացվել չմասնակցել ԱԺ այսօրվա նստին. «Որովհետեւ այս նիստով հիմք է դրվում ՀՀ-ում սահմանադրական հեղաշրջման: Սրանով Հայաստանում հիմք է դրվում եւ հաստատվում է բռնապետություն, ուստի ԲՀԿ-ն չի մասնակցելու մի նիստի, որի իրավական եւ քաղաքական հետեւանքների համար այդ նիստի բոլոր դերակատարներն ու մասնակիցները կրելու են իրավական եւ քաղաքական պատասխանատվություն»,-ասաց Զոհրաբյանը:
Իսկ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան էլ նշեց, որ 9․30 եղել է խորհրդի նիստը և իրենք այդ ժամին են իմացել,որ ժամը մեկին արտահերթ նիստ է հրավիրված, որով երկրի մայր օրենքը պետք է փոփոխվի և սահմանված է երեքժամյա ռեժիմ: «Ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխվում, դա ամիսների աշխատանք է, հանրային լսումներ, դեբատներ, բանավեճեր, Հայաստանում արվում է այդ ձևով: Սա լուրջ խնդիր է թե' մեր միջազգային պարտավորությունների մասով, թե' ժամանակին ասվածի մասով»,-ասաց նա և նշեց, որ Սահմանադրական դատարան չի ուղարկվելու նախագիծը:

Էդմոն Մարուքյանը հնարավոր համարեց, որ նիստին էլ չմասնակցեն, քանի որ խմբակցությունում դոմինանտ կարծիքն այն է, որ անիմաստ է այդ նիստին մասնակցելը:

«Եթե հանրաքվեով հարցը լուծելու դեպքում Հրայր Թովմասյանը պետք է դուրս մնար ՍԴ-ից, այս նախագծով նա մնալու է ՍԴ անդամ. այստեղ գործարքի որոշակի տարր կա: Ես չգիտեմ, թե այդ զիջումն ինչի հաշվին է արվում, ինչու պետք է Հրայր Թովմասյանը մնա»,- ասաց նա:
Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաեւ ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Նկատենք, որ ՍԴ-ում 3 դատավոր կա, որ 12 տարուց ավելի է պաշտոնավարում, իսկ Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է ընդամենը 2 տարի, հետեւաբար, նա կմնա ՍԴ անդամ:

 

 

Արմինե Գևորգյան