Բավ է պառակտվել
29-11-2021 21:26

«5165» շարժումը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ առանձին պայքարի մեկնարկի մասին

«5165» շարժումը հայտարարել է «Ազատագրական» անունը կրող շարժումից դուրս գալու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հրաժարականի պահանջի դեմ առանձին պայքար սկսելու մասին։

Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ համապատասխան հայտարարությունն է տարածել «5165» շարժման հիմնադիր անդամ, միջազգային հարաբերությունների փորձագետ Մենուա Սողոմոնյանը։ Տեղեկացվում է, որ «5165»-ը պահանջում է կառավարության հրաժարականը Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով։

«Մենք կնախաձեռնենք հանդիպումներ և խորհրդակցություններ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների ու ճանաչում ունեցող անհատների հետ, որոնք կիսում են շարժման մտահոգություններն ու համաձայն են այդ պահանջին»,- ասել է Սողոմոնյանը։

Հայտարարության մեջ նշվում է նաև նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթի մասին։

«Նոյեմբերի 26-ին Փաշինյանը Սոչիում ստորագրեց եռակողմ հայտարարություն, որի կապակցությամբ ՌԴ նախագահը հայտարարեց, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն սահմանագծման և սահմանազատման մեխանիզմները, մենք ուզում ենք, որ իշխանությունները ներկայացնեն այս մեխանիզմներն»,-ասել է նա։

Իր հերթին, հասարակական գործիչ, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը ներկայացրել է «Ազատագրական» շարժումից (որը շուրջ մեկ շաբաթ իշխանությունների հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ ու երթեր է կազմակերպում՝ խմբ.) դուրս գալու պատճառները։

Նրա խոսքով, «պառակտում» չի եղել. անջատվելու որոշումը կայացվել է քննարկումներից հետո։

Նա ասել է, որ այն շաբաթվա ընթացքում, երբ «5165»-ը «Ազատագրական շարժման» հետ Երևանում հանրահավաքներ անցկացրեց, իրենց հաջողվեց հասնել իրենց նպատակին՝ բարձրացնել հասարակական բողոք և ցույց տալ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր դեմ են նոյեմբերի 26-ի Սոչիի փաստաթղթին։

«Մեր երկրորդ քայլը Փաշինյանի հրաժարականն է, և մենք գնում ենք համախմբման, որ ամբողջ ուժերով կարողանանաք հասնել մեր նպատակին»,- ասել է նա։
Խոսելով հետագա անելիքների մասին՝ Տոնոյանն ասել է, որ շարժումն արդեն նախնական պայմանավորվածություններ ունի Հայաստանի մարզերում հանդիպումներ անցկացնելու, այդ թվում՝ հասարակական առանձին գործիչների հետ։ Նրա խոսքով, կազմակերպությունը համագործակցության առաջարկով դիմելու է նաև երկրի բոլոր քաղաքական ուժերին։

«Ազատագրական շարժման» նախաձեռնողներն են մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը, իրավաբան, «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Վազգեն Պետրոսյանը և այլք։