Բավ է պառակտվել
26-05-2022 21:05

Չեռնոգորիան, որը միտված է եվրաինտեգրմանը, սերտ համագործակցություն է ցանկանում նաև եվրասիական տարածաշրջանի հետ․ (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չեռնոգորիայի հետ հարաբերություններին և, որ Ջուկանովիչի այցը նոր խթան կդառնա մեր հարաբերությունների հետագա զարգացման համար, հիշեցնելով, որ 1978 թվականին երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերությունների հաստատման հուշագիր է ստորագրվել:

«Հույս ունեմ, որ ահա այս նոր միջավայրում, երբ մեր երկրներն այլևս ունեն անկախություն, մենք կկարողանանք պատշաճ ձևով միջպետական հարաբերությունները զարգացնել և տնտեսական հարաբերությունները խորացնել: Պետք է խոստովանել, որ այսօր այդ առումով շատ բան չունենք պարծենալու»,- ասել է Փաշինայնը։

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, քանի որ ինչպես բացատրում էի էկոնոմիկայի նախարարին և Երևանի քաղաքապետին, Բելգրադից կարողացել եմ դպրոցական հասակում Թիտոգրադի և Երևանի միջև փոխանակման ծրագրով գալ այստեղ և որոշ ժամանակ անցկացնել Երևանում» - ասել է իր հերթին Ջուկանովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել.

Նա համոզմունք է հայտնել, որ երկու պետությունները շահագրգռված ենք ու ի զորու՝ ավելի խորացնելու համագործակցությունը։

Ջուկանովիչի խոսքով՝ Չեռնոգորիայի հիմնական արտաքին քաղաքականության նպատակն է եվրոպական, եվրոատլանտյան ինտեգրումը:

«Իհարկե, մենք հետևում ենք նաև, թե ինչ է կատարվում ձեր տարածաշրջանում և ցանկանում ենք եվրասիական տարածաշրջանի հետ էլ ունենալ սերտ համագործակցություն, քանի որ արդեն կան ավանդական հարաբերություններ մեր երկրների միջև»,- ասել է նա։

Զրուցակիցները քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը շահագրգռվածություն են հայտնել ջանքեր գործադրել՝ ընդլայնելու գործարար կապերը, առևտրաշրջանառության ծավալներն ու նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Փաշինյանը և Ջուկանովիչը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: