Բավ է պառակտվել
15-05-2014 16:07

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը գալիս է Հայաստան


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստան է գալիս: Նա նաեւ Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում կլինի: Այս մասին մայիսի 15-ին Երեւանի Սմբատ Բյուրատի անվան N125 դպրոցում «Բացահայտիր Ամերիկան» ինտելեկտուալ խաղի բացման արարողությանը հայտնել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա նշել է, որ Ուորլիքը մտադիր է երկրների ղեկավարների հետ հանդիպումներ ունենալ: «Նա նաեւ իր հայտարարության եւ դրա մեջ նշված սկզբունքների մասին խոսելու հնարավորություն կունենա», - նշել է ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում կլինեն մայիսի 16-ին:

Հիշեցնենք, որ Կարնեգիի հիմնադրամում ելույթի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ խնդրի կարգավորման 6 տարր էր ներկայացրել: Դրանց շարքում առավել նշանակալի էր երրորդ կետը, որտեղ ասվում էր. «Լեռնային Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքները պետք է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձվեն: Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ հարգանքի բացակայության պարագայում կարգավորում չի կարող լինել. այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ուորլիքի առաջարկած տարբերակի դեմ խիստ հայտարարություններով էին հանդես եկել: