Բավ է պառակտվել
12-11-2019 15:00

«Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք» ԱԺ նախագահը ԲՀԿ–ը պատգամավորին

ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց որոշակի փոփոխությունների հետ:
«Կատակը մի կողմ՝ արժեքները պետք է պահենք։ Մենք նահապետական ժողովուրդ ենք, ավանդապաշտ ազգ ենք։ Մենք ասում ենք՝ նման մարդկանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանենք։ Դա ազգային անվտանգության նկատառում ունի։ Ի՞նչ է նշանակում՝ երկու համասեռամոլ երեխա որդեգրեն։ Այդ երեխան ինչպե՞ս է մեծանալու, ինչքանո՞վ է ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին։ Եկեք պաշտպանենք մեր ազգային ավանդույթները։ Ով դեմ է քվեարկելու, կցանկանա՞ր իր ընտանիքում նման երևույթ տեսներ», - հարց ուղղեց պատգամավորը։
Պետրոսյանի այս արտահայտությունը հունից հանեց ԱԺ Արարատ Միրզոյանին։ Նա բավականին բարձր ու կոպիտ տոնով զայրացած նկատեց․ «Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում։ Դուք կուզենա՞ք ձեր ընտանիքում... Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք», - ասաց նա՝ քարտուղարության էլ խնդրելով իրեն ներկայացնել պատգամավորին ձայնից զրկելու դրույթը։
Արարատ Միրզոյանի դիտողությունից հետո «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը և գնացին խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի աշխատասենյակ:
Իսկ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանն էլ, որը հանդես եկավ որպես նախագծի հարակից զեկուցող, ասաց, որ հանձնաժողովի քննարկմանը չի եղել, քանի որ գործուղման է եկել և լիազորված է հանձնաժողովի անունից փոխանցել, որ բացասական եզրակացություն է տրվել նախագծին: Սիմոնյանն ասաց, որ օրենսդրությամբ արդեն իսկ ամրագրված է նման արգելք, սակայն եթե Գևորգ Պետրոսյանը կարող է հիմնավորել, որ արգելքը չի գործում, ուստի ինքը դեմ չէ, որ վերջինս այն հիմնավորի:
Գևորգ Պետրոսյանը իր ելույթում ասաց, որ իրենք խմբակցությունով դեմ են, որ ավանդական արժեհամակարգը գնդակահարվի:
Նախագիծը մերժվեց և օրակարգ չընդգրկվեց ՝ 35 կողմ, 70 դեմ ձայների հարաբերակցությամբ:

 

Արմինե Գևորգյան