Բավ է պառակտվել
06-01-2021 18:47

«Ինչպես լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հաճախ հարցնում են, թե ես ինչ քայլեր կձեռնարկեի, եթե ստեղծված իրավիճակում լինեի Հայաստանի բանակցողը, մասնավորապես՝ ինչպես կբանակցեի Շուռնուխի և Որոտանի տարածքները չհանձնելու հարցով։

Պատասխանեմ.

Ներկայացվածը նույն «Google»-ի քարտեզով Երասխի հատվածն է՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Այդ քարտեզի համաձայն էլ՝ Սևակավանի մոտ տարիներ շարունակ տեղակայված են ադրբեջանական մարտական դիրքեր՝ 1.5-2կմ ներս դեպի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։

Եվ այս մասին տեղյակ լինելով՝ հայկական կողմը երբեք չի պահանջել Ադրբեջանից այդ մի քանի կմ-ը ետ քաշվել ու դուրս գալ մեր տարածքից, իսկ կառուցված մարտական դիրքերը թողնել մեզ։

Այս պահին այս հարցով մեր հանդուրժողականության դիմաց ես, որպես երկրի վարչապետ, կպահանջեի հօգուտ մեզ փակել Շուռնուխի և Որոտանի տարածքների վեճը՝ ցույց տալով, թե դեռևս տարիներ առաջ որքան է ադրբեջանական կողմը առաջ եկել դեպի մեր տարածք ու իր մարտական դիրքերը դրել, նստել դեպի Սևակավան՝ ընդդեմ մեր մարտական հենակետերի։

Պետք է նկատի ունենալ, որ Շուռնուխում հանձնվող այն տարածքը, որը զբաղեցված է 12 տներով, անգամներով պակաս է քարտեզում ընդգծված տարածքից։ Այստեղ հրապարակված քարտեզում Ադրբեջանն ունի ամուր կառուցված դիրքեր, որոնք, համոզված եմ, կնախընտրեր պահպանել։

Իմ առաջարկը կլիներ մի կողմ դնել քարտեզները, որոնցից որևէ մեկի բացարձակ ճշգրտության վերաբերյալ չենք կարող վստահ լինել, և առաջնորդվել փոխզիջումային սկզբունքով, ինչպես օրինակ վերը նշեցի։
Սակայն իշխանությունն ընտրել է «ինչ ուզեն, պիտի տանք» սկզբունքը՝ առանց խորամուխ լինելու, թե բանակցային ինչ հնարավորություններ կան և կարող են լինել։

Այսպիսով ակնհայտ է, որ պարտության սիմվոլ վարչապետը չի կարողանում այս խնդիրները կարգավորել, իսկ եթե ձևը ցույց տալուց հետո էլ չի կարողանալու կարգավորել, նրան կրկին մնում է մեկ տարբերակ՝ մի կողմ քաշվել և թույլ տալ, որ մենք գանք կարգավորենք այդ խնդիրները»։

Հեռախոսներով տեղորոշելու օրենքի մասին. Էդմոն Մարուքյան
Պարտության սիմվոլը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է հեռանա. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը քննիչ հանձնաժողով է ստեղծելու կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրությունների համար
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ հանրաքվեի մասին (Տեսանյութ)
Մովսես Հակոբյանի արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի կարող շարունակել պաշտոնավարել