Բավ է պառակտվել
05-03-2014 18:34

ՀՀ ԱԳ նախարարը Ժնևում անդրադարձել է Հայոց Ցեղասպանությանը

Ժնեւում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-ին ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակություններ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասաց. «Ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելումը պետք է լինի մեր գերակայությունների շարքում: Անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանի ընթացքում, Հայաստանը նախաձեռնեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւ, որը միաձայն ընդունվեց:

Այդ բանաձեւի նպատակներից մեկն է ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ անդամ պետությունների համատեղ ջանքերի միջոցով: Ես ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից եւ շնորհակալություն հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր համահեղինակեցին այս բանաձեւը: Երկու օրից՝ մարտի 7-ին, Մարդու իրավունքների խորհուրդը գումարելու է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկում, որը կազմակերպվում է համաձայն նշված բանաձեւի դրույթների»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ արեց ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին ակտիվորեն մասնակցել այդ քննարկմանը։

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում նշեց. «Մարդու բոլոր իրավունքները հավասարապես կարեւոր են եւ պետք է հավասարապես պաշտպանվեն: Այս կապակցությամբ ես կցանկանայի մատնանշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար նպատակների՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի առաջին հոդվածը ճանաչում է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ինչն առանձնահատուկ կարեւորություն ունի, քանզի նրա իրականացումը մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման կարեւորագույն նախադրյալ է: Այս անքակտելի իրավունքը միանշանակ պատկանում է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»: