Բավ է պառակտվել
28-03-2023 11:16

Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Պետք է ճնշում գործադրել, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. Այս մասին CBC-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Մենք պետք է օգնենք Հայաստանին և կանխենք հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավում, քանի որ Ադրբեջանը փակել է Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Եվ մենք պետք է ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, որպեսզի նա ապաշրջափակի Լաչինի միջանցքը»,- ասել է Ռասմուսենը։

Նրա խոսքով, ԵՄ-ն և ընդհանուր առմամբ Արևմուտքը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական հակամարտությանը, քանի որ «ավտոկրատական Ադրբեջանը բավականին երկար ժամանակ պատերազմում է ժողովրդավարական Հայաստանի հետ»։

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։
Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բավարարեց Հայաստանի պահանջը և Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։