Բավ է պառակտվել
14-03-2023 19:19

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կոչ է արել Ադրբեջանի նախագահին անհապաղ դադարեցնել Արցախի անմարդկային և անօրինական շրջափակումը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքն ու դադարեցնել Արցախի շրջափակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռասմուսենն այդ մասին հայտարարել է Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Երեկ հանդիպումներ եմ ունեցել Երևանում, իսկ այսօր այցելել եմ Հայաստանի հարավային մարզեր, որպեսզի իմ աչքերով տեսնեմ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները: Ես Ջերմուկում եմ, և քաղաքապետն ինձ ասաց, թե ադրբեջանական հարձակումը ինչ բացասական ազդեցություն է ունեցել քաղաքի, մասնավորապես՝ զբոսաշրջային կյանքի վրա»,- ասել է նա:

Նա հավելել է, որ այցելել է նաև Լաչինի միջանցքի սկզբնամաս:

«Ինչպես գիտեք, այդ միջանցքը միակ կապն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության միջև: Անցած տարվա դեկտեմբերից այդ ճանապարհը շրջափակման մեջ է: Այս շրջափակումը ոչ մարդկային է, ոչ էլ օրինական: Ես հանդիպեցի մարդկանց հետ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, և նրանք ինձ պատմեցին այն կրիտիկական իրավիճակի մասին, որը տիրում է Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ռասմուսենը:

Նրա խոսքով՝ շրջափակումը նշանակում է, որ միայն շատ փոքր քանակով պարեն կամ դեղորայք է հնարավոր հասցնել Լեռնային Ղարաբաղ, ինչը նշանակում է պարենի և կյանքի համար անհրաժեշտ դեղորայքի պակաս Լեռնային Ղարաբաղում:

«Մենք բախվում ենք մարդասիրական ճգնաժամի, որը կարող է վերածվել մարդասիրական աղետի: Այդ շրջափակումն անօրինական է: Արդարադատության միջազգային դատարանը մի քանի շաբաթ առաջ որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտադրում է ապահովել ազատ ու անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Որոշումը պարտադիր է, որը նշանակում է, որ Ադրբեջանը պարտավոր է բացել միջանցքն ազատ տեղաշարժի համար: Ես ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ասում եմ՝ վերացրու շրջափակումն անհապաղ»,- ասել է Ռասմուսենը:

Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման մասին
Դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ. Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր (Լաչին) միջպետական ​​միջանցքը, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ամբողջությամբ փակվել է ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից։ Արդյունքում խախտվել են երկրի 120 հազար բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների իրավունքները։
Այս ընթացքում Ադրբեջանը պարբերաբար խափանում է գազի մատակարարումն Արցախ։ Հունվարի 9-ից չի գործում Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի պատճառով էլ Արցախում հունվարի 11-ից հովհարային անջատումներ են սկսվել։ Պարբերաբար խափանվում է հեռահաղորդակցությունն ու ինտերնետ կապը։
Արցախում ներդրվել է մի շարք պարենային ապրանքների կտրոնային համակարգ, երկիրն ապրում է ռեսուրսների, վառելիքի, սննդի, դեղորայքի և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքների խնայողության ռեժիմով։