Բավ է պառակտվել
14-06-2021 13:44

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը սատարել է Ռոբերտ Քոչարյանի դաշինքին

ՀՀ կառավարության նախկին ղեկավարը կարծում է, որ նախկին նախագահը կկարողանա երկիրը դուրս բերել ճգնաժամից և ապահովել արժանի ապագա:

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լրատվամիջոցների համար տարածած հայտարարությունում իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին։

Նրա խոսքով, հունիսի 20-ին նշանակված ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։ Մասնավորապես, ըստ Կարապետյանի, էապես նվազել է բանակի մարտունակությունը, խարխլված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը, ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա։

Բացի այդ, հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա, ընթանում է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային։
«Ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ և բազմաթիվ այլ խնդիրներ: Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող»,- նշում է Կարապետյանը:

Նրա կարծիքով, պետք է արագորեն վերականգնել անվտանգության համակարգը, երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն, արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ, ունենալ, իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար։

Բացի այդ, անհրժեշտ է վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը, վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:
«Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։ Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։ Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով: Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։ Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանն»,- ընդգծել է Կարապետյանը։
Ըստ նրա, պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։
Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն։
«Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման»,- ասել է Կարապետյանը։
Հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին կմասնակցի 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: