Բավ է պառակտվել
28-10-2019 18:57

Հայաստանի ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

Հայաստանի ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին նա անձամբ տեղեկացրեց լրագրողներին ՀՔԾ-ից դուրս գալուց հետո։

“Հայտարարել եմ, որ մեղադրանքն ապօրինի է, ինչ արել եմ, արել եմ Սահմանադրության և օրենքների սահմաններում, որևէ նախնական պայմանավորվածություն չի եղել, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես միշտ աշխատել է Ազգային ժողովն”,-ասաց նա ։

Միաժամանակ, Բաբլոյանը հրաժարվեց հայտնել, ինչ մեղադրանք է իրեն ներկայացվել, ասելով, որ մանրամասները կհայտնի փաստաբանը։

ԱԺ նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանն, իր հերթին հայտնեց որ մեղադրանքն առաջադրվել է երկու հոդվածով։

“Առաջինը՝ իշխանության յուրացում, 300-րդ հոդված, որը Հայաստանի պատմության մեջ երբևէ չի կիրառվել։ Երկրորդը՝ հոդված 314-րդ, պաշտոնեական կեղծիք։ Բնական է, որ ոչ մի կետով մեղադրանքը չենք ընդունում, համարում ենք դրանք անհիմն”,- ասաց նա։

Փաստաբանը նշել է, որ իրավական տեսանկյունից մի շարք հարցեր են ծագում, մասնավորապես՝ մեղադրանք ներկայացնելիս հաշվի չի առնվել Բաբլոյանի պատգամավորական անձեռնմխելիության փաստը։

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ Հայաստանի ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացում), իսկ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի ժ․պ․ Արսեն Բաբայանին մեղադրանք է ներկայացվել այդ հանցագործությանը մասնակցելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

ՀՔԾ-ում նշել են, որ Արսեն Բաբայանը կեղծ հիմքեր է ստեղծել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ազատման դիմումը ներկայացնելու փաստը հրապարակելու համար, որը ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը ստորագրել է 2018թ․մարտի 2-ին Սահմանադրական դատարանի լիոզորությունները յուրացնելու նպատակով։ Սա, իր հերթին, հիմք է հանդիսացել Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հրայր Թովմասյանին այդ թափուր պաշտոնի համար առաջադրելու և նշանակելու համար։

Հոկտեմբերի 23-ին Բաբլոյանը հայտարարել է, որ ստորագրել է ազատման դիմումը 208թ մարտի 2-ին, այն դեպքում, երբ իր առջև դրված է եղել Գագիկ Հարությունյանի դիմումը՝ 2018թ․ մարտի 1-ի ամսաթվով։