Բավ է պառակտվել
31-10-2019 15:29

Փորձագետը նշել է Հայոց ցեղասպանության նոր բանաձևի երեք առանձնահատկությունները

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևը երեք կարևոր առանձնահատկություն ունի, կարծում է ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հոկտեմբերի 29-ին ընդունել են թիվ 296 բանաձևը, որով ճանաչում ու դատապարտում են Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Փաստաթղթի կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ` 11–ը, 3-ը՝ ձեռնպահ։

Առաջին առանձնահատկությունն, ըստ Մանուկյանի, բանաձևի երկրորդ կետն է, որում ասվում է, որ այսուհետ ԱՄՆ–ն ոչ մի ձևով չի ներգրավվելու կամ առնչվելու Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականության հետ։

Սրա առնչությամբ փորձագետը պարզաբանել է, որ ավելի վաղ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր նախաձեռնությունները և միջոցառումները բախվել են մերժման և թուրքական կազմակերպությունների հակահայկական կոշտ ելույթներին։

”Այս փաստաթուղթը մեր համայնքին և ԱՄՆ–ի մեր կազմակերպություններին պաշտպանություն է տալիս, այսինքն, նրանք վստահ կարող են ասել, որ այն գործողությունները, այն մերժումը (թուրքական կազմակերպությունների կողմից) հակասում են ամերիկյան քաղաքականության”,– նշել է նա։

Որպես երկրորդ առանձնահատկություն փորձագետը նշել է բանաձևի երրորդ կետը, որի համաձայն, ԱՄՆ–ն խրախուսում է Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկումը կրթական և տեղեկատվական աշխատանքում, մասնավորապես՝ դպրոցների և համալսարանների կրթական ծրագրերում։

”Տվյալ փաստաթուղթը պետական է, այն օրենքի ուժ, իրավաբանական ուժ որպես այդպիսին չունի, բայց ունի քաղաքական մեծ նշանակություն և կարող է օգտագործվել, օրինակ՝ համալսարաններում Հայոց ցեղասպանության մասին պարապմունքներ անցկացնելու համար”,– ընդգծել է Մանուկյանը։

Փորձագետի խոսքով,երրորդ առանձնահատկությունն այն է, որ ԱՄՆ–ում ընդունել են փաստաթուղթ, որում նշել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Մանուկյանը կարծում է, որ բանաձևը լուծում է հայկական համայնքի ավելի պրակտիկ հարցեր և հանդիսանում է ներքին կիրառման ամերիկյան փաստաթուղթ։

”Իհարկե, այն ընդունել է միայն Ներկայացուցիչների պալատը, բայց մենք պետք է հասկանանք, որ դա արդեն պաշտոնապես ընդունված փաստաթուղթ է, իսկ ամերիկյան դատական համակարգում ցանկացած ընդունված փաստաթուղթ կշիռ ունի”,- ասել է նա։

Մանուկյանի խոսքով, բանաձևն էապես տարբերվում է նմանատիպ այլ փաստաթղթերից․եթե երկրների մեծամասնությունում ընդունվող փաստաթղթերում Հայաստանին և Թուրքիային կոչ է արվում բարելավել հարաբերությունները և լուծել խնդիրները, ապա ԱՄՆ բանաձևում նման կետ չկա։