Բավ է պառակտվել
15-09-2021 21:33

«Խաղաղության դարաշրջան», ադրբեջանցիների ներխուժում, հայ գերիներ և հաղորդակցման ուղիների ապաշրջափակում

Չորեքշաբթի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը։

Գրիգորյանն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել իրավիճակը, որը ստեղծվել է մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր Ադրբեջանի ներխուժման արդյունքում: Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածք ցանկացած ներխուժում անընդունելի է, և հավելել, որ երկիրը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագժման և սահմանազատման գործընթացը:

Խոսելով տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորության մասին, Գրիգորյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջան», որը կայուն խաղաղություն և զարգացում կբերի Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ օգտագործելով ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը:

Պատրուշևը նույնպես ընդգծել է ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ դա կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

Բանակցությունների առանցքային թեմաներից է եղել հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդիրը: Գրիգորյանը հույս է հայտնել, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի բոլոր գերիների շուտափույթ վերադարձը հայրենիք:

Պատրուշևն, իր հերթին, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին՝ նշելով այս հարցում գործընթացի ակտիվացման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: