Բավ է պառակտվել
26-10-2021 10:56

Էրդողանը չեղարկել է 10 երկրի, այդ թվում ԱՄՆ և Կանադայի դեսպաններին Թուրքիայից արտաքսելու իր որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է 10 երկրի դեսպաններին երկրից արտաքսելու իր որոշումը, ովքեր կոչ էին արել Անկարային ազատ արձակել քաղաքական ակտիվիստ և գործարար Օսման Քավալային, հայտնում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայի նախագահը միջադեպը կարգավորված է համարել է այն բանից հետո, երբ դիվանագետները միանման հայտարարություններ են հրապարակել՝ խոստանալով պահպանել Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածը, որը դիվանագետներից պահանջում է չմիջամտել ընդունող երկրի ներքին գործերին։

Էրդողանի խոսքով՝ դեսպանների նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք «ետ են կանգնել մեր երկիրը զրպարտելուց»։

«Այժմ նրանք ավելի զգույշ կլինեն»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Գերմանիայի, Դանիայի, Կանադայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Շվեդիայի դեսպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով թուրքական իշխանություններին «որքան հնարավոր է շուտ և արդարացիորեն լուծել Քավալայի հարցն», ով չորս տարի է, ինչ անազատության մեջ է 2013 թվականին հակակառավարական ցույցերին մասնակցելու և 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով։

Այդ բանից հետո այս տասը երկրների դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։ ԱԳՆ-ն համարել է, որ նրանց հայտարարությունը հակասում է դիվանագիտական պրակտիկային և այն անվանել անընդունելի։ Հոկտեմբերի 23-ին Էրդողանը հրահանգել է Թուրքիայի ԱԳՆ-ին արտաքսել երկրից Քավալայի աջակցությամբ հանդես եկած տասը երկրների դեսպաններին։

Նախօրեին Bloomberg գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Էրդողանի վարչակազմը ուղիներ է փնտրում խուսափելու Թուրքիայից դեսպանների արտաքսումից թուրքական տնտեսության համար հնարավոր հետևանքների պատճառով։