Բավ է պառակտվել
15-05-2019 17:17

Երևանը և Պեկինը պատրաստ են համագործակցել մի շարք ոլորտներում (լուսանկարներ)

 

Չինաստանում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի հանդիպել է ՉԺՀ Պետխորհրդի նախագահ (վարչապետ) Լի Կեցյանի հետ, հայտնել է կառավարության մամլո ծառայությունը։

Լի Կեցյանը ողջունել է Փաշնյանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Նա ընդգծել է երկկողմ դարավոր կապերի առկայությունը և հավելել, որ դա լավ հիմք է հանդիսանում Հայաստանի և Չինաստանի համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար։

“Մենք կարող ենք սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով մեր երկրների միջև եղած ընդհանրությունները։ Դրա համար կա ամուր քաղաքական հիմք”,- ասել է նա։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ “Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն” համաժողովը անչափ կարևոր է Հայաստանի համար։

“Կայացավ համաժողովի բացումը, որը շատ տպավորիչ էր։ Այս համաժողովը լավ հնարավորություն է հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար”,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը ունեն ընդհանուր շահեր։

“Կարծում եմ, որ այս այցելությունը նոր խթան կլինի աշխատելու այն ծրագրերի շուրջ, որոնցում ներկայացված են Հայաստանի ու Չինաստանի շահերը”, - ասել է նա, կարևորելով փոխգործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Լի Կեցյանը նույնպես կարևորել է երկկողմ տնտեսական կապերի զարգացումը, նշելով, որ չինական կողմի մոտեցումները համընկնում են Փաշինյանի հնչեցրած ոլորտային առաջնահերթությունների հետ։

Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության, ինչպես նաև արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսութան ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և Հայաստանում այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը:

Լի Կեցյանը շեշտել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է մասնակցել նշված ծրագրերին:

Կողմերը քննարկել են “Մեկ գոտի մեկ ճանապարհ” նախաձեռնության շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես, ավտոտրանսպորտային, երկաթուղային և տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում :

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լի Կեցյանը հայ-չինական տնտեսական հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են ճաշի ընթացքում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Չինաստանի արտաքին գործերի և արդյունաբերության ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները: