Բավ է պառակտվել
20-05-2022 18:11

Երևանն ու Վիլնյուսը հանդես են գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման օգտին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Երևանում հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումն, ինչպես նաև իրադրությունը տարածաշրջանում։

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

Նա անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և ընդգծել՝ Հայաստանն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, բայց այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել:

Այս համատեքստում վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը և հասցեական արձագանքը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:

Նաուսեդան իր հերթին նշել է, որ խաղաղությունը, կայունությունը և տնտեսական աճը համատեղ հետաքրքրություն են ներկայացնում տարածաշրջանի երկրների, Լիտվայի և Եվրոպական միության համար։ Նա ընդգծել է, որ Լիտվան կշարունակի իր նպաստը բերել տարածաշրջանային երկխոսության կայացմանը, կայունությանն ու բարգավաճմանը:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ պատրաստակամության համար և նաև բարձր գնահատել ԵՄ-ի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են երկխոսության մթնոլորտի ձևավորմանը:

Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Արծարծվել են նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը (որոնք վանդալիզմի ենթարկվում և ոչնչացվում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում՝ խմբ.) և այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը վերաբերող հարցեր:

Կարևորելով է ժողովրդավարության դերը անվտանգային մարտահրավերների սպասարկման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ոլորտային բարեփոխումների հաջողման, տնտեսական աճի ապահովման գործում, Լիտվայի նախագահը պատրաստակամություն է հայտնել կիսվել այդ ոլորտներում իր երկրի ձեռք բերած փորձով Հայաստանի հետ։:
Փաշինյանը ողջունել է այդ առաջարկը և նշել, որ Հայաստանը ուսումնասիրում է ժողովրդավարության զարգացման հաջող ընթացք ունեցող երկրների փորձը։