Բավ է պառակտվել
03-03-2020 21:12

Երևանը մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի թշնամական քաղաքականությամբ․ Փաշինյան

Հայաստանը մտահոգված է այն երկրների շրջանակի ընդլայնմամբ, որոնց հետ Թուրքիան խնդիրներ ունի, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թբիլիսիում սիրրական Իդլիբ նահանգի իրավիճակի համատեքստում։

“Թուրքիայի գործողությունները Սիրիայում ապակառուցողական են։ Մենք արդեն հայտարարել ենք ալդ մասին։ Բայց մեզ մտահոգում է այն փաստը, որ ընդլայնվում է հարևանների շրջանակը, որոնց հետ Անկարան խնդիրներ ունի։ Դրանք են՝ Հունաստանը Կիպրոսը, Սիրիան, անգամ Իրաքը։ Թուրքիայի նման ռազմավարությունը և քաղաքականությունը մեզ մտահոգում է”,- ասել է նա Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ վարչապետի, Երևանը պարբերաբար իրազեկում է իր գործընկերներին Անկարայի նման մարտավարության պատճառով առաջացած մտահոգության մասին և ակնկալում է համաշխարհային հանրության համապատասխան գնահատականը։

Իրավիճակը Սիրիայում

Վերջին շրջանում սրվել է Թուրքիայի և Սիրիայի ռազմական հակամարտությունն Իդլիբ նահանգում։ Անկարան ռազմական օժանդակություն է ցուցաբերում այնտեղ գործող գրհայիններին։

Սիրիայի կառավարական զորքերն, իրենց հերթին, գնդակոծում են Իդլիբում գտնվող թուրք զինվորականներին, կան զոհեր։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փետրվարի 29-ին հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է Ռուսաստանին չմիջամտել Թուրքիայի ԶՈւ և սիրիական զորքերի հակամարտությանը։ Մարտի 5-ին նախատեսված է երկու երկրների առաջնորդների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկումներ կունենան սիրիական հարցի շուրջ։

Դեռևս 2019թ․դեկտեմբերի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում զբաղեցնել հարևան երկրների նկատմամբ Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունների հարցում։ Նա մատնանշել էր Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի, Կիպրոսի և Հունաստանի նկատմամբ և այն փաստը, որ այդ երկիրը շրջափակման մեջ է պահում է Հայաստանը։ Վարչապետը հիշեցրել էր, որ Հայաստանի բոլոր կառավարությունները բազմիցս հայտարարել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: 2008-ի աշնանն այդ ժամանակ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հարաբերությունների կարգավորման գործընթացը:

2009թ․հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուքիայի արտգործնախարարությունները Ցյուրիխում ստորագրեցին “Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին” և “Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին” փաստաթղթերը, որոնք երկու երկրների խորհրդարանները պետք է վավերացնեին։ Սակայն 2010թ․ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն:

2017-ի սեպտեմբերին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը երբեք չի դրել Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, այն դեպքում, երբ Թուրքիայի կառավարությունն անհեթեթ նախապայմաններ է առաջադրում ցյուրիխյան արձանագրությունները վավերացնելու համար:

Սարգսյանն իր խոսքում հայտարարեց, որ Թուրքիայի կողմից դրական առաջընթացի բացակայության դեպքում, Հայաստանը դրանք կհայտարարի առ ոչինչ: 2018 թվականի մարտի 1-ին նա ստորագրեց Հայաստանի և Թուրքիայի միջև “Արձանագրություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին” և “Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին” փաստաթղթերի վավերացման գործընթացը կասեցնելու մասին հրամանագիրը։